Գիշանգղերի վրա արբանյակային տվիչներ են տեղադրվել․ ՇՄՆ-ն համագործակցում է Գերմանիայի բնության պահպանության միության հետ

Գիշանգղերի վրա արբանյակային տվիչներ են տեղադրվել․ ՇՄՆ-ն համագործակցում է Գերմանիայի բնության պահպանության միության հետ

Շրջակա միջավայրի նախարարության և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ շարունակվում են Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրությանն ու պահպանությանը միտված միջոցառումները։

Այս մասին հայտնում են նախարարությունից։

Համանուն ծրագրի շրջանակում իրականացվող հերթական միջոցառումը երիտասարդ գիշանգղերի նշադրումն էր՝ վերջինների վրա արբանյակային տվիչ տեղադրելու միջոցով։ Արբանյակային տվիչի տեղադրմամբ հնարավոր է դառնում ուսումնասիրել տեսակի լոկալ և միգրացիոն տեղաշարժերը՝ ավելի կառավարելի պահպանություն իրականացնելու նպատակով։

«Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրն իրականացվում է 2018 թվականից։ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի տարածքում բնադրող գիշատիչ թռչնատեսակների բնադրավայրերը, կատարել ամենամյա բնադրման հաջողության գնահատում, ուսումնասիրել բնադրավայրերին սպառնացող վտանգները և առաջարկել կանխարգելիչ լուծումներ, իրականացնել ամենամյա հաշվառման աշխատանքներ, ուսումնասիրել չուն և այլն:

2021 թվականից մինչ այսօր նշադրվել է 5 գիշանգղ և 2 մորուքավոր անգղ։

NABU-ն Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել դեռևս 2001 թվականից: Մինչ օրս շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվել են մի շարք նախագծեր՝ ուղղված Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, 2007-ին նախարարության հետ նաև համագործակցության համաձայնագիր է կնքվել:

2010թ.-ի նոյեմբերին բացվել է Գերմանիայի բնության պահպանության միության պաշտոնական մասնաճյուղը ՀՀ-ում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում