Ամիսներ շարունակ սովի մատնելուց հետո Ադրբեջանը կեղծ մարդասիրությամբ ԼՂ «հումանիտար» բեռներ է ուղարկում
Ադրբեջանը շարունակում է շոուների և կեղծ հումանիզմի կազմակերպումը՝ միջազգային հանրության աչքին ԼՂ հարցում դրական դիրքորոշմամբ աչքի ընկնելու համար:
Բանն այն է, որ ամիսների շարունակ ԼՂ բնակչությանը բառի բուն իմաստով սովի մատնելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Կարմիր մահիկի ընկերությունը մարդասիրական օգնություն է ուղարկում Ղարաբաղում բնակվող հայերին։
Ընկերության նախագահ, պատգամավոր Նովրուզ Ասլանը հայտնել է, որ Բաքվից ուղարկվել է Ստեփանակերտի բնակիչների համար մարդասիրական բեռներով երկու մեքենա։
Նրա խոսքով՝ ««հումանիտար» բեռներով ավտոշարասյունը կշարժվի Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհով»։
Փորձելով կեղծ քող ստեղծել՝ իբր մտահոգ են ԼՂ բնակչության համար՝ հայտարարվել է, թե մոբիլիզացվել են կազմակերպության առաջատար աշխատակիցներն ու կամավորները։
«Նախնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուրային արտադրանք։ Իհարկե, տրամադրվում են նաև պարագաներ, վրաններ, տեխնիկական միջոցներ մեր աշխատակիցների գործունեության համար։ Մենք ուշադիր հետևելու ենք այնտեղ տեղի ունեցող գործընթացներին։ Կարծում եմ, որ այս քայլը դրականորեն կընդունեն թե՛ մեր հանրությունը, թե՛ միջազգային հանրությունը, թե՛ Ստեփանակերտում բնակվող ազգությամբ հայ բնակչությունը»,- հայտարարել է Ասլանը։
Ընկերության նախագահը նշել է, որ «անհրաժեշտության դեպքում կարող է կրկին օգնություն ուղարկվել»։
Կարծիքներ