Մի խումբ ուսուցիչների շնորհվել է որակավորման տարակարգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 34 ուսուցչի շնորհվել է որակավորման տարակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Համաձայն հրամանի՝ տարակարգ ստացած 34 ուսուցիչներից 8-ին շնորհվել է որակավորման առաջին աստիճանի, 9-ին՝ երկրորդ, ևս 9-ին՝ երրորդ աստիճանի, իսկ 8 ուսուցչի՝ չորրորդ աստիճանի տարակարգ: Ուսուցչին շնորհվող տարակարգը քառաստիճան է, և շնորհելիս աստիճանակարգություն չի պահանջում:
Տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունում է նախարարի հրամանով ձևավորված հանրապետական հանձնաժողովը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ:
Առաջին աստիճանի տարակարգ շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներից ավագ ուսուցչի, երկրորդ աստիճանի տարակարգ՝ հմուտ ուսուցչի, երրորդ աստիճանի տարակարգ՝ վերապատրաստող ուսուցչի և չորրորդ աստիճանի տարակարգ՝ հետազոտող ուսուցչի բնութագրերին համապատասխանելու դեպքում։
Տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել դրա համար սահմանված բնութագրիչներին համապատասխանելու դեպքում՝ առանց ժամանակային սահմանափակման։
3-րդ և 4-րդ տարակարգի դիմելու հնարավորություն ընձեռվում է կամավոր ատեստավորման առնվազն անցողիկ միավորից բարձր արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ որպես մասնագիտական զարգացմանը խթանող կարևոր լուծում։ Մասնավորապես՝ վերապատրաստող ուսուցչի տարակարգի համար անհրաժեշտ է դասավանդվող առարկայից վերջին հինգ տարվա ընթացքում կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունքի հավաստում, իսկ հետազոտող ուսուցչի տարակարգի համար՝ կամավոր ատեստավորման արդյունքում առնվազն 80 տոկոս արդյունքի հավաստում։
Հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է հավելավճար. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 10 տոկոսի, երկրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 20 տոկոսի, երրորդ աստիճանի որակավորման տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 30 տոկոսի, իսկ չորրորդ աստիճանի տարակարգի համար` ուսուցչի աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Տարակարգ ստացած ուսուցչի հասանելիք հավելավճարը տրվում է յուրաքանչյուր ամիս` աշխատավարձի հետ միասին: Հանրակրթական ծրագիր իրականացնող այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող տարակարգ ստացած ուսուցչին հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում: Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է այն դեպքում, երբ ուսուցիչն ազատվում է աշխատանքից:
Եթե տարակարգի հնգամյա ժամկետի ընթացքում ուսուցիչը նորից անցնում է ուսուցչական աշխատանքի որևէ հաստատությունում, ապա հնգամյա ժամկետի մնացած ժամանակահատվածի համար տարակարգը պահպանվում է: Տարակարգի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է նաև, երբ ուսուցիչը զրկվում է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև ատեստավորման արդյունքում չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Նշենք նաև, որ տարակարգ ստանալու համար ուսուցիչները կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերը։
Կարծիքներ