ՇՄ Մայիսյան բնակավայրում կկառուցվի թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն

ՇՄ Մայիսյան բնակավայրում կկառուցվի թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Մայիսյան բնակավայրում կկառուցվի թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն։

  

Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ  Կարեն Բադիշյանը Freenews-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի արժեքը կազմում է 48 մլն 865 հազար դրամ, որից 40 տոկոսը՝ 19 մլն 546 հազար դրամը, կֆինանսավորի պետությունը, մնացած մասը համայնքը։ Ծրագիրը միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել, շուտով կկազմակերպվի մրցութային գործընթաց, կապալառու կազմակերպություն ընտրելու համար, որպեսզի  սկսվի շինարարական աշխատանքները։

Ըստ պաշտոնյայի  Մարմաշեն համայնքը անցած տարի ստացել է համապատասխան թեթև և ծանր տեխնիկա, դրանք հիմա կայանվում են դրսում, և  խնդիրներ են առաջանում։ Հետեվաբար որոշվեց ունենալ կայանման սպասարկման ծածկով կենտրոն, որտեղ  կկայանեն  տեխնիկաները։  Հարկ է նշել, որ այս կայանի ստեղծմամբ վերոհիշյալ համայնքում կբացվի թվով 10 աշխատատեղ, կառույցն ունենալու է իր ղեկավարը, հաշվապահը, մեխանիկը,  և  այլ մասնագետներ։

  

Կարեն Բադիշյանը փաստում է նաև, որ այս տեխնիկան աշխատելու է 24/7 ռեժիմով, ինչպես նաև համայնքին տրված է հնարավություն այն տալ վարձակալական հիմունքներով, իսկ եկամուտները ծախսել կամ վերանորոգման կամ  համայնքի այլ ծրագրերի իրականացման  համար։

Ի դեպ, նշենք, որ Մարմաշեն խոշորացված  համայնքին պետության կողմից տրվող աջակցությունը այսքանով չի սահմանափակվում,  8 մանկապարտեզ  այս պահին  սպասում է վերականգման։  Առաջիկայում  համայնքը կապալառուների ընտրության մրցույթներ է հայտարարելու, որի ավարտից հետո կկազմակերպվի նաև վերոհիշյալ կառույցի կապալառուի մրցույթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում