Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվածների օրական թիվն առաջին անգամ մոտեցել է 50 հազար մարդու
Կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն թիվը մեկ օրում գրանցվել է համաճարակի սկզբից ի վեր Կորեայի Հանրապետությունում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային գործակալության ամփոփագրում։
Ընդհանուր առմամբ, փետրվարի 8-ին հանրապետությունում հայտնաբերվել է վարակման 49567 նոր դեպք։ Մեկ օր առաջ այս ցուցանիշը կազմել է 36719։ Երկրում համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 1 միլիոնը։
Վարակվածների թվի աճը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածմամբ, որին բաժին է ընկնում նոր վարակների ավելի քան 92%-ը։ Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է 285 հիվանդ՝ 17-ով ավելի, քան նախորդ օրը։ Ամբուլատոր բուժում է ստանում ավելի քան 168 հազար հիվանդ։
Անցած մեկ օրվա ընթացքում մահացել է 21 մարդ, մահացությունների ընդհանուր թիվը հանրապետությունում հասել է 6943-ի, իսկ մահացության մակարդակը նվազել է մինչև 0,61%՝ օմիկրոնի շտամով վարակվելու դեպքում հիվանդության ավելի մեղմ ընթացքի ֆոնին։
Հարավային Կորեայում վարակվածների թվի ռեկորդային աճը շարունակվում է երկրորդ շաբաթն անընդմեջ։ Նրանց մեծ մասը գտնվում է Գյոնգի-դո գավառում, Սեուլ և Ինչհոն քաղաքներում։ Բժիշկները կարծում են, որ մինչև փետրվարի վերջ հիվանդների միջին օրական թիվը կարող է հասնել 170 հազար մարդու։
Կարծիքներ