Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները կքննարկեն «3+3» ձևաչափը
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը լրագրողներին հայտարարել է, որ մարտ ամսին Պրահայում մտադիր է հանդիպել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին և քննարկել Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նա նշել է, որ Աբաշիձեի հետ զրուցում է ամեն շաբաթ։ «Անհրաժեշտ է հավաքել ոչ մեծ թիմ, գալ և լրջորեն խոսել հեռանկարների մասին։ Կան շատ հարցեր. երկկողմ, «3+3» ձևաչափը և տարածաշրջանային քաղաքականությունը»,- նշել է նա։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում։ Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։
«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նախատեսվում էր, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու էր Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։
Կարծիքներ