«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները ԿԳՄՍ նախարարի հետ այցելել են Հայաստանի պատմության թանգարան

Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը:

Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Նախարարը ողջունել է երեխաներին, հետաքրքրվել նրանցից՝ նախկինում եղե՞լ են արդյոք Հայաստանի պատմության թանգարանում, ինչ գիտեն Անահիտ աստվածուհու մասին, դպրոցական ո՛ր առարկան են սիրում և այլն: Երեխաները կիսվել են իրենց իմացությամբ, շրջայցի ընթացքում ուղղել իրենց հուզող հարցերն ու առաջարկները: Նախարարը կոչ է արել երեխաներին թանգարանում անպայման ծանոթանալ նաև այլ ցուցանմուշների պատմությանը, ինչպես նաև այցելել մեր երկրի այլ թանգարաններ՝ կարևորելով դրանց դերն ու ազդեցությունը աշխարհայացքի ձևավորման վրա:

Նշենք, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի՝ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հնարավորություն ունեն դիտելու նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Թանգարանի տնօրենի՝ Դավիթ Պողոսյանի խոսքով՝ շուրջ 5000 աշակերտ արդեն իսկ օգտվել է այդ հնարավորությունից:

Ցուցադրությունը բաց է մինչև 2025 թ. մարտի 21-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում