ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 17-ով
ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը:
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի երգիծական բանահյուսությունը», «Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը», «Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը», «Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը», «Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում», «Անա նանան քյե ղուրբան» երգը ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքից, «Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում», «Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում» և այլ արժեքներ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ որոշումը բխում է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությունից, որը նախորդ տարի ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Այն ուղղված է ապահովելու ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը, նախարարի դիտարկմամբ, տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է:
«Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և զբոսաշրջության խթանման լավ հիմք: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով՝ դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման նոր հեռանկար, թե՛ տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ: Մասնավորապես՝ կազմվել է ազգային ուտեստների շտեմարանը, որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 ճաշատեսակներ: Նախարարի համոզմամբ՝ թվային այդ շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսելու սննդի ոլորտում աշխատող ընկերություններին այդ ուտեստներն իրենց ճաշացանկերում ներառել և դրանք դարձնել տարաբնույթ նյութ մեդիադաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև համայնքների դերակատարությունը՝ նշելով, որ ցանկն ամբողջացվում է նաև համայնքներից ստացված առաջարկների հիման վրա. «Վերջին տարիներին բավականին մեծ աշխուժացում է նկատվում, և մեր համայնքներն ավելի ու ավելի շատ առաջարկներ են ներկայացնում: Այդ առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում: Դրանք մասնակցային և թափանցիկ քննարկումներ են, որոնք նպաստում են գործընթացի լուսաբանմանն ու իրազեկմանը: Գույքագրումն ու շտեմարանների ձևավորումը լավ օրինակ են համայնքների զարգացման և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար»:
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ցանկում նոր ներառված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարող են դառնալ տվյալ բնակավայրի զբոսաշրջային գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան՝ նպաստելով նաև տարբեր համայնքների ավելի բովանդակային և խորքային ճանաչողությանը:
«Այս աշխատանքն օգնում է մեզ հետագայում այս արժեքներից որոշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու գործընթացն իրականացնելու հարցում, ինչպես օրինակ նախորդ տարի գրանցվեց Գյումրու դարբնության ավանդույթը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Շեշտելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացումը պետք է ընդգրկվի զբոսաշրջային փաթեթներում՝ դրանք դիտարկելով որպես ՀՀ արտաքին գրավչության բարձրացման կարևոր բաղադրիչ:
ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման ցանկում յուրաքանչյուր արժեքի ներառմանը նախորդում է հետազոտական լուրջ աշխատանք․ մասնավորապես՝ իրականացվում են ազգագրական, հնագիտական հետազոտություններ:
«Ցանկում յուրաքանչյուր արժեք կարող է ընդգրկվել, եթե հստակեցված են վերջինիս աշխարհագրական սահմաններն ու կրողների խումբը: Այս իմաստով մեծ աշխատանքներ են իրականացվում հենց տեղերում: Ցանկի վավերագրումը պետք է չլինի մեր միակ նպատակը. պետք է կարողանանք նաև այդ արժեքների կենսունակությունն ապահովել և դրանք դարձնել տվյալ բնակավայրերի զարգացման հիմք: Նախորդ շրջանում ցանկում ընդգրկվել էին լավաշի պատրաստման տարբեր եղանակները, ինչի արդյունքում Շիրակի մարզի Արևիկ բնակավայրում, որը հայտնի է լավաշի թխման յուրահատկություններով, կազմակերպվեց լավաշի փառատոն: Սա բնակավայրում դառնում է թե՛ այդ ավանդույթների զարգացման ու պահպանման միջավայր, թե՛ զբոսաշրջության ու տնտեսական զարգացման ուղղություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև կապը կրթական համակարգի հետ, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտում:
Կարծիքներ