Մի շարք դպրոցների կառուցման համար պատվիրատու է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներում։
Համաձայն որոշման՝ ՀՀ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 685 մլն դրամի չափով:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարությունում քննարկվել են դպրոցաշինության ծրագրի հիմնական ցուցանիշները. «Այս պահի դրությամբ 223 դպրոցների աշխատանքներ են ընթացքում, և 35-ում դրանք ավարտված են: Այս որոշման նախագծով առաջարկվում է վերաբաշխում կատարել՝ համապատասխան միջոցներ ուղղելով 11 հաստատության (7 դպրոց և 4 կրթահամալիր) աշխատանքները մեկնարկելու համար: Այս հաստատությունների համար պայմանով մրցույթներն արդեն իսկ կազմակերպված են, և ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Վերաբաշխումը հնարավորություն կտա մեծ թափով սկսել շինարարության գործընթացը: Հաստատությունները տեղակայված են տարբեր մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի, Տավուշ, Շիրակ և Սյունիք․ դրանք կհամալրեն «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ցանկը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ մրցութային գործընթացներն ավարտվել են, իսկ նախապատրաստական աշխատանքների փուլը՝ հողային աշխատանքներ և այլն, սկսված է։
Կառավարության որոշման ընդունմամբ նախատեսվում է ներքոնշյալ դպրոցների և կրթահամալիրների կառուցման համար պատվիրատու սահմանել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին՝
Գետափի կրթահամալիր,
Աղավնավանքի միջնակարգ դպրոց,
Նոյեմբերյանի վարժարան (ք. Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցի տեղակայման վայրում),
Լեռնանիստի միջնակարգ դպրոց,
Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց,
Գեղակերտի միջնակարգ դպրոց,
Արևաբույրի կրթահամալիր,
Վերին Խոտանանի կրթահամալիր,
Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց,
Վեդիի ավագ դպրոց,
Վարդանաշենի կրթահամալիր:
Մինչ այս՝ ՀՀ կառավարության մի շարք այլ որոշումներով կատարվել են փոփոխություններ 300 դպրոցի ցանկում, մասնավորապես՝ որոշ դպրոցների համար սահմանվել է կրթահամալիր կարգավիճակ և հակառակը։ Մի շարք դպրոցների համար պատվիրատու սահմանված ՀՀ քաղաքաշինության կոմիտեն փոխարինվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամով։
Նիստի ընթացքում ծավալվել է քննարկում՝ 300 դպրոցների, 500 մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ծրագրի վերաբերյալ։
Կարծիքներ