Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը

Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի. նախագահի շնորհավորական ուղերձը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:

«Սիրելի՛ կանայք,

Սիրելի՛ մայրեր,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու Գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի և պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ՝ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության և արժանապատվության օրինակ։

Ապրիլի 7-ը նաև առիթ է գնահատելու ձեր ամենօրյա ներդրումը՝ ընտանիքում և հասարակության մեջ։ Ձեր համբերությունը, խնամքը և հետևողականությունը կարևոր դեր ունեն մեր առօրյա և պետական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։

Մեր ինքնության մեջ մայրական կերպարը առանձնահատուկ տեղ ունի․ այն կապվում է ոչ միայն ընտանիքի, այլև հայրենիքի, լեզվի ու մշակույթի հետ՝ որպես պահպանման և շարունակության հիմք։

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ»,- նշված է ուղերձում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում