Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել. Սիմիդյան

Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև միջադեպ, քաշքշուկ չի եղել. Սիմիդյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև որևէ միջադեպ, քաշքշուկ չի եղել:

Այս մասին ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ ՔՊ նիստին քննարկվել է նաև անտառահատումների խնդիրը։

Նշենք՝ մամուլի որոշ հրապարակումների համաձայն, ՔՊ փակ նախաձեռնող խմբի նիստը թեժ ընթացք է ունեցել և ավարտվել է քաշքշուկով։ Հրապարակումների համաձայն՝ վիճաբանությունը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի միջև է եղել: Պատճառը Տավուշում տիրող բնապահպանական վիճակն է, ապօրինի հսկայածավալ ծառահատումները, ինչի մասին ՔՊ վերջին նիստերին խոսել է Հայկ Սարգսյանը:

«Միջադեպ չի եղել, տասնյակ մարդիկ են ներկա եղել քննարկման ժամանակ, հանդիպումից հետո, գուցե, երկու գործընկեր խոսել են, բայց որևէ քաշքշուկի ես ականատես չեմ եղել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Քաշքշուկին մոտիկ բան էլ չի եղել, գուցե, խոսակցություն է եղել, մարդիկ այլ տպավորություն են ստացել»,- մեկնաբանելով, ասել է Սիմիդյանը

Նախարարի խոսքով՝ այդ թեմայով քննարկում է եղել ոչ միայն երեկ՝ հունվարի 9-ին, այլ նաև դեկտեմբերին։

«Երեկվա քննարկումը շարունակությունն է եղել։ Կուսակցությունում քննարկվել է անտառահատումների խնդիրը, որևէ արտառոց բան չկա»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում