ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Ղարաբաղ պատմական ժառանգության պաշտպանության համար
ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո օգնություն տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում պատմական ժառանգության մաս կազմող կառույցների պահպանման հարցում և ծրագրում է մասնագետների խումբ ուղարկել այնտեղ: Այս մասին ասվում է կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նոյեմբերի 20-ին:
«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում գլխավոր տնօրենը պաշտոնապես առաջարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից տեխնիկական օգնություն տրամադրել: Կազմակերպության ներկայացուցիչները մինչ այս պահը չեն կարողացել այցելել այդ տարածքներ: Նրանք կարող են տեղում աշխատանք կատարել և շահագրգիռ կողմերի համաձայնությամբ առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցանկ կազմել՝ տարածաշրջանի մշակութային ժառանգության առավել արդյունավետ պաշտպանության համար: ՅՈւՆԵՍԿՕ-ն կաշխատի բոլոր շահագրգիռ կողմերի հետ այդ առաքելության իրականացման համար: Խորհրդակցություններ են սկսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ»,- ասվում է Ազուլեի հայտարարության մեջ:
Վերջինս հիշեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2017 թվականի 2347 բանաձևի մասին, որով շեշտվում է, որ «մշակութային ժառանգության անօրինական ավերումը, թալանն ու մշակութային սեփականության կողոպուտը զինված հակամարտության ժամանակ և պատմական արմատներն ու մշակութային բազմազանությունը հերքելու փորձերը կարող են նոր հակամարտության պատճառ դառնալ»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։
Կարծիքներ