«Գարեգին Բ-ի նկատմամբ վարույթ նախաձեռնելու» հրապարակումների հետ կապված ՔԿ-ն հայտարարություն է տարածել

«Գարեգին Բ-ի նկատմամբ վարույթ նախաձեռնելու» հրապարակումների հետ կապված ՔԿ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը անդրադարձել է լրատվամիջոցների հրապարակումներին, ըստ որոնց՝ Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

«Ինչպես արդեն մեկնաբանել եմ, համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի/փաստի առթիվ, ոչ թե ԱՆՁ-ի նկատմամբ: Անձի վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքում կա «հանրային քրեական հետապնդում» ձեւակերպումը:

Ֆեյսբուքյան հարթակում տարածվում է շատ մեղմ ասած՝ անգրագիտություն:

Խնդրում եմ, պաշտոնական մեկնաբանությունը սոցցանցերում չվերափոխել մանիպուլատիվ բնույթ կրող տեղեկատվության»,- գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին.

«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»:

 

Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։

Ձայնագրության բովանդակությունից հասկացվում է այն, որ Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում