Պարեկների և բժիշկների անհետաձգելի գործողությունների շնորհիվ Գյումրիում երեխայի կյանք է փրկվել
Մարտի 21-ին Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում մի քաղաքացի մոտեցել է ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի ծառայողներ Սերգեյ Մուրադյանին ու Մնացական Դավթյանին և հայտնել, որ իր 2,5 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում մեքենայի մեջ է, իսկ ինքը լարված վիճակում դժվարությամբ է ավտոմեքենան վարում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:
Քաղաքացին պարեկներին խնդրել է երեխային տեղափոխել հիվանդանոց։
Պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայով մորն ու երեխային հասցրել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Բժիշկները ցուցաբերել են անհրաժեշտ առաջին օգնություն, ինչից հետո երեխան Գյումրիից տեղափոխվել է Երևան՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն։
Այս պահին երեխայի առողջական վիճակը կայուն է։
Կարծիքներ