Ոստիկանությունը հայտնել է՝ ինչի հետևանքով է օրեր առաջ Ֆրանսիայի հրապարակում մահացել քաղաքացին

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակի վրաններից մեկում տղամարդու մահվան դեպքի հետ կապված:
Նշվում է, որ տղամարդու դիակից վերցված արյան նմուշի դատաքիմիական ուսումնասիրությամբ հայտնաբերվել են բնական և սինթետիկ կաննաբինոիդների խառնուրդ, բենզոդիազեպիններին պատկանող միացություններ։ Մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ կաննաբինոիդների և բենզոդիազեպինների խառնուրդով սուր թունավորման հետևանքով։
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս անդրադարձել է հիշյալ դեպքի մասին լրատվամիջոցներից մեկի մեկնաբանությանը, որում նշվել էր, թե վրանում մահացած տղամարդը օրեր առաջ խնդիր էր ունեցել ոստիկանների հետ:
«Արդեն հայտնել ենք, որ նա ոչ մի առնչություն չի ունեցել ոստիկանների հետ, ինչպես և ակցիաների օրերին բերման չի ենթարկվել: Նաև կոչ էինք արել դժբախտ դեպքը չդարձնել շահարկումների առարկա»,- ասված է ՀՀ ոստիկանության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիրների տեղադրած վրաններից մեկում, երիտասարդ տղամարդ էր մահացել: Մայիսի 1-ից ՀՀ ընդդիմադիր ուժերի նախաձեռնությամբ Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում, շարժման անդամների մի մասը գիշերում է հենց հրապարակում՝ այնտեղ տեղադրված վրաններում:
Կարծիքներ