Ամենակարևոր բանն աշխարհում հոգու թռիչք ունենալն է. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 3-րդ փառատոնի ժամանակ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երգչախմբի երգչուհի Տիգրանուհի Մուրադովայի հետ կատարել է «Արի, իմ սոխակ» երգը:
Այդ մասին հայտնում են պաշտպանի գրասենյակից։
Նրանց նվագակցել է հաստատության սան Անգելինա Հարությունյանը:
Երգի կատարումը պատրաստվել էր նախօրորք։ Հանգստյան օրերին Անահիտ Մանասյանը մանկատանը Տիգրանուհի Մուրադովայի և Անգելինա Հարությունյանի հետ մասնակցել է փորձերի՝ համատեղ մշակելով երգի կատարման ծրագիրը։ Միասին անցկացրած ժամանակը և տարբեր հարցերի շուրջ քննարկումները ձևավորել են ամուր ընկերություն:
«Երջանիկ եմ, որ հանգստյան օրերիս մի հատվածն այս հրաշք մարդկանց հետ եմ անցկացնում: Երջանիկ եմ, որ կարողանում եմ նրանց սիրո զգացողություն պարգևել և նույն հրաշք զգացողությունն էլ նրանցից եմ ստանում: Վստահ եմ` ամենակարևոր բանն աշխարհում հոգու թռիչք ունենալն է»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ գրասենյակից հիշեցնում են՝«Ճախրուկ» միջազգային փառատոնն անցկացվել է օգոստոսի 12-ին, Գյումրու Վարդանանց հրապարակում:
Կարծիքներ