Քննարկվել են նախադպրոցական կրթական փորձարարական ծրագրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ԿԶՆԱԿ հիմնադրամում մասնակցել է «Նախադպրոցական կրթական փորձարարական ծրագրեր» խորագրով հանդիպում-քննարկմանը:
Քննարկմանը մասնակցել են նաև այլ ներկայացուցիչներ ԿԳՄՍ նախարարությունից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, Երևանի քաղաքապետարանից, 2022-2023 ուստարվա ընթացքում նախադպրոցական կրթական ծրագրերը փորձարկած ՆՈՒՀ-երից, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից և ՀԿ-ներից:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, նախ ներկայացրել է պետական ռազմավարական մոտեցումները՝ կարևորելով նախադպրոցական տարիքում երեխաների հետ իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքները: Նախարարի տեղակալը խոսել է մենթորական ՆՈՒՀ-երի ինստիտուտի ներդրման կարևորության մասին, ներկայացրել մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացի մեկնարկը:
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանն անդրադարձել է հանդիպում-քննարկման նպատակին և անհրաժեշտությանը:
Այնուհետև ներկայացվել են 2022-2023 ուստարվա ընթացքում իրականացված փորձարկման գործընթացը, առաջացած դժվարությունները և ձեռքբերումները: Ելույթներով հանդես են եկել նաև չափորոշիչների և ծրագրերի մշակման խմբերի անդամները:
Հանդիպման երկրորդ մասում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով՝ վեր հանելով ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը:
Կարծիքներ