ԼՂ-ից բռնի տեղահանված 10 հազարից ավելի անձ արդեն աշխատանքի է անցել. Ռուբեն Սարգսյանը
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար իրականացվող զբաղվածության պետական աջակցության ծրագիրն ունի երեք բաղադրիչ. առաջին բաղադրիչը՝ մասնագիտական ուսուցում և աշխատանք, երկրորդ բաղադրիչը՝ աշխատանքային պրակտիկա և աշխատանք և երրորդ բաղադրիչը՝ վերոնշյալ երկու բաղադրիչները միասին և աշխատանք:
Այս մասին «Հումանիտար կենտրոնում» ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Մանրամասնելով այդ բաղադրիչները, Ռուբեն Սարգսյանը նշել է, որ բոլոր երեքն էլ ունեն վճարումների սահմանված որոշակի չափեր: Ուսուցման ժամանակահատվածում տրամադրվում է կրթաթոշակ 50 000 դրամի չափով և մինչև 50 000 դրամ փոխհատուցվելու է ուսման վարձը: Պրակտիկայի պարագայում երեք ամիս 165 000 դրամ գործատուին է տրվելու, որը ներառելու է հարկեր, այսինքն՝ այն գումարն է, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձը կստանա որպես աշխատավարձ, որից հետո հավելյալ հարկերի փոխհատուցում է տրվելու:
Իսկ եթե ուսուցում, պրակտիկա բաղադրիչի մասին է խոսքը գնում, վճարվելու է և՛ կրթաթոշակը, և՛ ուսման վարձը, և՛ երեք ամսվա պրակտիկայի գումարն ու հարկերի փոխհատուցումը:
Նախարարի տեղակալի ներկայացմամբ, առանց վերոնշյալ բաղադրիչների կիրառման, արդեն իսկ 1010 հոգի աշխատանքի են անցել, որոնք բավարարել են առաջարկվող աշխատանքների պահանջներին: Իսկ ընդհանուր առմամբ՝ Լեռնային Ղարաբաղի 10 000-ից ավելի հայրենակիցներ արդեն իսկ աշխատանքի են անցել:
Օրիանկ՝ կրթության ոլորտում 212 ուսուցիչ գործուղվել է մարզեր և ըստ իրենց մասնագիտության ստացել աշխատանք, առողջապահության ոլորտում 202 անձ աշխատանք է ստացել տարբեր բուժհաստատություններում: Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ աշխատանք փնտրող բոլորանձինք կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային գրասենյակներ, տեղում խորհրդատվություն ստանալ և ըստ ծրագրերի ուղղորդվել:
Կարծիքներ