ԿԳՄՍ նախարարը՝ Աբովյանի դպրոցի սկանդալի մասին
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի N1 ավագ դպրոցում չդադարող բողոքի ակցիաները իր համար զարմանալի են, իսկ դպրոցի անձնակազմի բողոքը՝ անհիմն, դրանք որևէ նպաստ չեն բերելու դպրոցին:
«Ես շատ զարմացա, որ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցի անձնակազմն ու աշակերտները եկել էին ԿԳՄՍ նախարարության մոտ և բողոքում էին. ինչի՞ց են բողոքում, մամուլից հասկացա, որ ասում են՝ եկել ենք՝ պայքարենք անարդարության դեմ»,- տարակուսեց նախարար Դումանյանը՝ հավելելով, որ դպրոցի առաքելությունը աշակերտին կրթություն տալն է։ «Դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենը չէ, այլ լավ ուսուցիչն է, և այսօր այդ անհիմն շահարկումները որևէ նպաստ չեն բերում աշակերտների կրթությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Աբովյանի համար 1 ավագ դպրոցի կառավարման խորհուրդն անցկացրել է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցող երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել: Այսինքն՝ ձայները բաժանվել են նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանի և նոր թեկնածու Քարմիլե Առաքելյանի միջև։ Այս դեպքում, ըստ գործող օրենքի, տնօրենի ընտրությունը պետք է կատարեր ԿԳՄՍ նախարարը։ Նախարարը փետրվարի 3-ին տնօրենի պաշտոնում նշանակել էր Քարմիլե Առաքելյանին:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ երբ պարզվել է, որ թեկնածուները հավասար ձայն են ստացել, ինքը ցանկացել է անվավեր ճանաչել մրցույթը, բայց գործող կարգը այլ բան է սահմանում. «Երբ ծանոթացա խնդրին, իմացա, որ երկու թեկնածուներն էլ 4–ական ձայն են ստացել, ասացի, որ այս մրցույթը պետք է ճանաչել անվավեր, չկայացած, բայց ինձ ասացին, որ գործող կարգը դա թույլ չի տալիս, և պետք է երկուսից մեկին պարտադիր հրամանագրել»:
Նախարարը պարզաբանեց, որ իր ընտրությունը եղել է բացառման սկզբունքով՝ հաշվի առնելով մյուս կողմի ներկայացուցիչների պահվածքը, կանխակալ վերաբերմունքը և քաղաքականացված հայտարարությունները: «Ընդամենը հասկացա, որ այդ կողմը, այսինքն՝ այդ պնդումների ներկայացուցիչը, տեղ չպետք է ունենա դպրոցական հանրության մեջ»,- ընդգծեց Վահրամ Դումանյանը:
Դիտարկմանը, որ նոր տնօրենին կապում են Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ընտանիքի հետ, մասնավորապես ասում են՝ կնոջ ընկերուհին է, նախարարն ասաց. «Ես տեղյակ չեմ՝ ով ում հետ ինչ է կապում։ Դուք ասում եք՝ այս տնօրենը կապվում է այս գործչի հետ, այն օրը լրագրողներից մեկն ինձ հարց տվեց, իսկ մյուս տնօրենն էլ կապվում է այլ գործչի հետ, նման տեղեկություն ես չունեմ, ու դա ինձ պրոֆեսիոնալ տեսանկյունից հետաքրքիր էլ չէ, բացարձակ: Անձնական հարաբերությունների դաշտն ինձ հետաքրքիր չէ»։
Կարծիքներ