"Հանրայինի եթերում Նավալնու հայտնվելը շահարկողներն ունեն այլ շարժառիթներ". Ռոբերտ Ղևոնդյան
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հանրային հեռուստաընկերության եթերում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ նավալնու հայտնվելը մեծ աժիոտաժ է առաջացրել ոչ միայն Ռուսաստանում, այլև հայաստանյան հայտնի շրջանակների մոտ: Նոր իշխանությունների վարած քաղաքականության, այն է՝ ժողովրդավարության նկատմամբ ատելությամբ ու թույնով լցված հատվածը, որն առիթը բաց չի թողնում ամենաանհեթեթ մեղադրանքները ներկայացնելու, այս անգամ էլ խիստ մտահոգվել է Հայաստանում այլ երկրի քաղաքական գործչին հեռարձակելու փաստով: Մի կողմ թողնելով այս մարգինալացված դերակատարների անձնական շահերը, կարևոր է հասկանալ, թե Նավալնու խոսքը հանրայինի եթերում ինչ հանգամանքներով էր պայմանավորված:
Հայաստանն այլևս ժողովրդավարական պետություն է, որտեղ հարգում են այլակարծությունն ու որևէ խտրականություն տեղ չունի: Հանրային հեռուստաընկերությունը «իշխանական» չէ, այն «հանրային» է, այսինքն ներկայացնում է ոչ թե իշխանությունը, այլ հանրությունը: Այդպիսով՝ հանրային հեռուստաընկերությունը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է հեռարձակել հանրության տարբեր հատվածների մոտեցումները տարբեր հարցերի վերաբերյալ: Այլ հարց է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կա մարդկանց շրջանակ, ովքեր իրենց արժեշահային համակարգի թերզարգացվածության պատճառով չեն կարող համարժեք ընկալել «իշխանականի» և «հանրայինի» տարբերությունը:
Մյուս կողմից էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս ցանկացած ներքին քաղաքական-հասարակական գործընթաց, քաղաքական պայքար և դիրքավորում այդ պետության ներքին խնդիրն է, որի վերաբերյալ մեր կողմնորոշումը չեզոքությունն է: Իսկ չեզոքությունը ենթադրում է բոլոր կողմերի նկատմամբ հավասարակշռված մոտեցում:
Եվ այքանով հանդերձ, Ալեքսեյ Նավալնու խոսքը հանրայինի եթերում հնչել է Ռուսաստանում ծավալվող գործընթացի վերաբերյալ տարբեր կողմերի մոտեցումների ներկայացման համատեքստում, չի պարունակել խմբագրական կարծիքներ, չի ներկայացրել Հայաստանի տեսակետը: Այս իրողությունը համընկնում է չեզոքության և բազմակարծության գերակայություններին: Մնացած բոլոր՝ և՛ ներքին, և՛ արտաքին շահարկումներն ունեն այլ շարժառիթներ և շահառուներ:
Կարծիքներ