ՀՀ գլխավոր դատախազը, զինդատախազն ու ոլորտի մի խումբ աշխատակիցներ մասնագիտական տոնի առթիվ պարգևատրվել են
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված համաժողովին: Միջոցառման ընթացքում հրապարակվել են նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերը՝ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ շնորհելու և պետական պարգևներով պարգևատրելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Կարենի Վարդապետյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Շահենի Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է.
Գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Հովհաննեսի Գալյանին, գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Սոսի Գրիգորյանին, գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Մարտինի Գրիգորյանին և գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Լևոն Մկրտչի Չարխիֆալակյանին:
Կարծիքներ