Մուսուլմանական իրավապաշտպան խումբը Facebook-ին դատի է տվել՝ Ցուկերբերգին մեղադրելով ստի մեջ

Մուսուլմանական իրավապաշտպան խումբը Facebook-ին դատի է տվել՝ Ցուկերբերգին մեղադրելով ստի մեջ

Մուսուլմանական իրավապաշտպան խումբը Facebook-ին դատի է տվել՝ հայտարարելով, որ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Կոնգրեսում կատարել է «սուտ եւ մոլորության մեջ գցող» հայտարարություններ՝ պնդելով, թե սոցցանցը հեռացնում է այն նյութերը, որոնք պարունակում են «ատելության բորբոքում», հայտնում է AP-ն:

Հայցում պնդում կա, որ Ցուկերբերգը եւ սոցցանցի այլ ղեկավարներ «մասնակցել են համակարգված արշավին՝ համոզելու հասարակությանը, դաշնային պաշտոնյաներին եւ երկրի հասարակական կազմակերպությունների ղեկավարներին, որ Facebook-ը անվտանգ արտադրանք» է: Հայցի համաձայն՝ Facebook-ը քանիցս նախազգուշացվել է իր պլատֆորմում ատելության արտահայտությունների եւ բռնության կոչերի մասին, բայց փաստացվի դրա դեմ ոչինչ չի արել: Հայցում նաեւ ընդգծվում է, որ ատելության ու վնասաբեր կոնտենտի հեռացման մասին սուտ եւ մոլորության մեջ գցող հայտարարությունները խախտում են Կոլումբիա նահանգի օրենքը սպառողների իրավունքների պաշտպանության մասին: «Ամեն օր հասարակ մարդկանց ռմբահարում են վնասաբեր կոնտենտով, որը խախտում է Facebook-ի քաղաքականությունը»,- նշված է հայցում:

Մուսուլմանական իրավապաշտպան խումբը պնդում է, որ չարամիտ հակամուսուլմանական հարձակումները հատկապես տարածված են Facebook-ում: Թշնամանքի լեզվի հանդեպ Facebook-ի քաղաքականությունը արգելում է մարդու կամ մարդկանց խմբի թիրախավորումը՝ «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունների», բռնության կոչերի, ինչպես նաեւ ընդհանրացումների օգտագործմամբ, որ ցույց են տալիս անլիարժեքությունը: Քաղաքականությունը տարածվում է ռասայի, ազգային ծագման, հաշմանդամության, կրոնական պատկանելության, կաստայի, սեռական կողմնորոշման, սեռի, գենդերային նույնականացման եւ ծանր հիվանդության հիմքով հարձակումների վրա:

Սակայն, հայցի համաձայն, մի օրինակում համալսարանի պրոֆեսոր Էլոնա Մեգան Սքուայերը 2018-ի ապրիլի 25-ին Facebook-ում հայտնել էր Purge Worldwide կոչվող խմբի մասին: Խմբի նկարագրության մեջ ասվում է. «Սա հակաիսլամական խումբ է: Աշխարհի ձեր մասում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությամբ կիսվելու տեղ»:

Facebook-ը պատասխանել էր, որ չի հեռացնի խումբը կամ կոնտենտը: Հայցում մեջբերվում են նաեւ այլ խմբեր այնպիսի անվանումներով, ինչպիսիք են՝ «Մահ իսլամական մուսուլմանական պաշտամունքի անդամների սպանության համար» եւ «Իսլամի կեղտը», որոնք Facebook-ը չի հեռացրել՝ չնայած ծանուցմանը եւ նույնիսկ չնայած նրան, որ Facebook-ի քաղաքականությունն արգելում է կրոնական պատկանելության հիմքով «կեղտի կամ դրա հետ համեմատության հիշատակումը»: Վերջին դեպքում Facebook-ը որոշ գրառումներ հեռացրել էր խմբից, սակայն՝ ոչ բուն խումբը:

Ցուկերբերգը եւ սոցիալական մեդիայի այլ ղեկավարներ Կոնգրեսի առջեւ բազմիցս վկայել են այն մասին, թե ինչպես են իրենք պայքարում ծայրահեղականության, ատելության եւ ապատեղեկատվության դեմ իրենց պլատֆորմներում: Ցուկերբերգը Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին ասել է, որ հարցը «նրբերանգներ» ունի: «Ցանկացած համակարգ կարող է սխալվել վնասակար նյութերի զսպման հարցում»,- ասել է Ցուկերբերգը: Հայցվորները ցանկանում են հարցի լուծման հասնել ատենակալների դատարանի միջոցով եւ յուրաքանչյուր խախտման համար 1500 ԱՄՆ դոլարի չափով վնասի փոխհատուցում են պահանջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում