ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով երկիրը դուրս կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալությունից։ ԱՄՆ-ն նաև կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա մասնակցությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Ըստ փաստաթղթի՝ ՄԱԿ-ի որոշ կառույցներ հեռացել են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունն առաջ մղելու առաքելությունից և գործում են ԱՄՆ-ի շահերի դեմ։
Թրամփի կատարողական հրամանագրում նշվում է, որ ԱՄՆ-ն չի մասնակցի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, չի վերընտրվի այդ մարմնում և կդադարեցնի ԱՄՆ ներկայացուցչության աշխատանքն այդ մարմնում։
Իսկ ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության ու աշխատանքի կազմակերպման գործակալության աշխատակիցներին Վաշինգտոնը մեղադրել է 2023 թ. հոկտեմբերի 4-ին Իսրայելի դեմ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակմանը մասնակցելու մեջ։
Բացի այդ, Թրամփը կարգադրել է ուսումնասիրել Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) հետագա անդամակցության նպատակահարմարությունը: Այդ ուսումնասիրությունը կղեկավարի ԱՄՆ պետքարտուղարը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի հետ համակարգմամբ։
Լրագրողների առջև հրամանագիրը ստորագրելիս Թրամփը հայտնել է, որ կարգադրել է ստուգել՝ արդյոք հիմքեր կան կրճատելու ԱՄՆ-ի վճարումները ՄԱԿ-ի գործունեության համար։
«Մենք չափազանց շատ ենք վճարում», - ասել է նա։
Խոսելով ՄԱԿ-ի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ «կազմակերպությունը մեծ ներուժ ունի, բայց վատ է աշխատում»։
Կարծիքներ