Առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները տարածել քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը, եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայողի վարքագծի կանոններին և անհամատեղելիության խախտումներին, վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ընդունվելուց հետո այն կներկայացվի Կառավարությանը կամ վարչապետին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Փոխնախարարը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Տիգրան Դադունցը տեղեկացրել է, որ Կառավարությունն օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել: Մասնավորապես, առաջարկվել է հստակեցնել հանձնաժողովի՝ նման գործառույթ իրականացնելու իրավասությունը, նաև քննչական մարմինների եւ նրանց տեղակալների ցանկում ներառել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներին: Նշվել է, որ նման կարգավորումները չեն վերաբերելու այն դեպքերին, երբ Քննչական կոմիտեի ղեկավարը կամ նրա տեղակալը թույլ են տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրանց՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին, այսինքն՝ մասնագիտական գործունեությանը:
Փոխնախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների միասնական մոտեցման վերաբերյալ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը կարևորել է օրենսդրական փոփոխությունները, առաջարկել կողմ քվեարկել դրանց:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական փաթեթին: Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ փետրվարի 5-ի նիստում:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ նախագիծը, որը վերաբերում է սահմանափակ թվով անձանց, կմնա չկիրառված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բարձրաստիճան հանրային ծառայողները չեն կատարի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում կհայտնվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում:
Կարծիքներ