Բելառուսում հետընտրական բողոքի ակցիաների ընթացքում մոտ 3000 մարդ է ձերբակալվել. Լուկաշենկոն ասել է՝ որ երկրներից են հեռախոսակապի միջոցով ղեկավարվել ակտիվիստները
Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, ինչի մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովան:
«Չարտոնագրված զանգվածային միջոցառումներին մասնակցության համար ամբողջ երկրի տարածքում ձերբակալվել է մոտ 3 հազար մարդ, որից մոտ հազարը՝ մայրաքաղաք Մինսկում, իսկ երկու հազարը՝ հանրապետության այլ շրջաններում»,-ասել է Չեմոդանովան:
Նա մանրամասնել է, որ բողոքի ակցիաներն անցկացվել են լույս օգոստոսի 10-ի գիշերը՝ երկրի 33 բնակավայրում: Ըստ մամուլի խոսնակի՝ իրավախախտների նկատմամբ մարտական զենք չի կիրառվել, զոհեր չկան:
Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:
«Մենք պարզել ենք՝ զանգերը եղել են արտասահմանից՝ Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխիայից: Նրանք զանգահարում էին ու ղեկավարում մեր, կներեք իհարկե, բայց ոչխարներին: Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, բայց նրանց ևս կառավարելու են»,-ասել է Լուկաշենկոն ԱՊՀ Գործադիր կոմիտեի, Համադաշնության դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ:
Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:
«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները. գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 81,35, իսկ Սվետլանա Տիխանովսկայան՝ 8%-ը:
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են ձայների հաշվարկի ժամանակ կոպիտ խախտումների մասին: Նրանք կոչ են արել իրենց կողմնակիցներին, բացի ընտրատեղամասերից, հավաքվել նաև Մինսկի Հաղթանակի հրապարակում:
Միևնույն ժամանակ, դեռևս ընտրատեղամասերի փակվելուց առաջ իրավապահները սկսել էին հավաքվել հրապարակում, որը գտնվում է նախագահի նստավայրից ոչ հեռու: Որոշ ժամանակ անց ոստիկանները սկսել են ձերբակալել չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցներին: Իրավապահները հրապարակում լուսաձայնային նռնակներ են օգտագործել: Ի պատասխան դրան` ընդդիմությունը սկսել է հրավառ նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ:
Բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Վիտեբսկում, Բրեստում և Գրոդնոյում:
Կարծիքներ