Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված հայեցակարգային առաջարկությունների հրավերը
ՀՀ կառավարության նիստում այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է բուհական ընդունելության քննությունների հիմնական փուլի արդյունքները: Նա տեղեկացրել է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ փուլի շրջանակում դիմումների ընդունումը. այն դիմորդները, որոնք դուրս են մնացել հիմնական փուլի մրցույթից, հնարավորություն ունեն մասնակցելու թափուր տեղերի մրցույթին:
Նախարարի խոսքով՝ այս տարի եղել է 13304 դիմորդ, որը համադրելի է նախորդ երկու տարիների թվի հետ: Ընդունվել է 9147 դիմորդ, որը ևս մոտավորապես համադրելի ցուցանիշ է նախորդ տարիների հետ: Հատկացվել է 2128 անվճար տեղ, որից 1782-ը համալրվել է. սա ընդունվածների 83,7 տոկոսն է, որը ևս համադրելի ցուցանիշ է: Հատկացվել է 15984 վճարովի տեղ, որից 7242-ը համալրվել է. «Սա շատ ցածր ցուցանիշ է՝ 45,3 տոկոս: Ընդ որում՝ այս թվի մեջ մտնում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերը: Ոչ պետական բուհերին հատկացվել է ավելի քան 3700 տեղ, որից շուրջ 3 տոկոսն է ընդունվել, այսինքն՝ գրեթե ընդունելություն չի եղել, որն էլ իր ազդեցությունն է ունենում ցածր ցուցանիշի վրա: Իհարկե, այս առումով մենք մտածելու շատ բան ունենք, թե ինչպես ենք պլանավորում մասնագիտությունները և տեղերը: Հատկապես մտահոգիչ են մի քանի բուհերի մասով ցուցանիշները, օրինակ՝ Ագրարային համալսարանում ընդունելությունը հիմնական փուլով ընդամենը 7 տոկոս է, և այստեղ մեծ աշխատանք կա անելու, որին էլ ուղղված են կրթական ոլորտի բարեփոխումները»,-նշել է նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ բուհական համակարգը խորը համակարգային և բովանդակային ճգնաժամի մեջ է, և ՀՀ կառավարության պարտքն է՝ այն հաղթահարել. «Կառավարությունն ունի ծրագիր՝ ինչպես դա հաղթահարել, որը սկսել է իրագործվել: Խոսքն ակադեմիական քաղաքի մասին է, որտեղ պետք է ունենանք մինչև 8 լիարժեք պետական ֆինանսավորմամբ բուհեր»:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի վարչապետի որոշմամբ ձևավորել էր աշխատանքային խումբ, որը մանրամասն ուսումնասիրել է առկա իրավիճակը՝ դիմորդների թիվ, պահանջարկ, կրթական ծրագիր և այլն: Արդյունքում՝ առանձնացվել են 6 հիմնական ուղղություններ՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: «Օրերս նախարարությունը հրապարակել է հայեցակարգային առաջարկությունների հրավեր՝ ուղղված պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին, որն իրականացվում է բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների միավորման գործընթացի շրջանակում: Մասնագիտական հանրույթին հրավիրել ենք մինչև փետրվարի 15-ն իրականացնել քննարկումներ և մեզ ներկայացնել հայեցակարգային առաջարկներ: Օրինակ՝ տեխնոլոգիական բուհը. ի՞նչ պետք է այն իրենից ներկայացնի, ինչպիսի՞ կրթական ծրագրեր և ի՞նչ հետազոտություններ իրականացնի, ի՞նչ կառավարման մոդել ունենա: Մենք պլանավորում ենք, որ առաջին փուլում այս 6 ուղղություններից 4-ը՝ տեխնոլոգիականը, կրթականը, արվեստներինը և սպայականը, կտեղակայվեն ակադեմիական քաղաքում, որն էլ արդեն պլանավորվում է գլխավոր հատակագծման գործընթացում: Միևնույն ժամանակ, մենք հստակ նշել ենք, որ պատրաստ ենք աշխատել միասին, այսինքն՝ կազմակերպելու ենք քննարկումներ, այդ թվում՝ հրավիրելու ենք միջազգային փորձագետների, որոնք կօգնեն գործընթացին և կաջակցեն այդ հայեցակարգային առաջարկները ներկայացնելու համար: Մի քանի կոնկրետ հեռանկարներ ենք նշել, մասնավորապես՝ սահմանել ենք, որ 2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան միայն խոշորացված բուհերը և դրանց միավորված գիտական կազմակերպությունները, ընդ որում՝ հստակ խթաններ ենք սահմանել, որ այս բուհերում և նրանց միավորված գիտահետազոտական կազմակերպություններում նախատեսվելու է աշխատավարձերի կրկնապատկում, և էականորեն վերանայվելու է դասախոսների աշխատանքի կառուցվածքը, որպեսզի հետազոտությունը դառնա բարձրագույն կրթության անբաժանելի մասը: Առանձին պետական ֆինանսավորում է տրամադրվելու գիտական հետազոտություններին, զարգացման ծրագրերին, որն էլ կօգնի ապահովել մրցունակություն: Իհարկե, այստեղ նաև հավելյալ այն հնարավորություններն են, որոնք ստեղծվում են ակադեմիական քաղաքի շրջանակում՝ ուսանողների և դասախոսների կեցության, ինչպես նաև կենցաղի, ինտելեկտուալ ու ֆիզիկական ժամանցի պայմանները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ պատրաստ են մինչև փետրվարի 15-ը միասին աշխատել բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ, որպեսզի այդ ժամկետներում ստանան որակյալ առաջարկներ:
ՀՀ վարչապետը ևս կոչ է արել բուհական և գիտահետազոտական հանրությանը, որպեսզի վերջիններս քննարկումների միջոցով փորձեն ձևավորել պատկերացումներ, թե ինչպես կարող են համագործակցել և միավորվել: «Մենք ընկալում ենք, որ այդ բուհերը պետք է համապատասխանեն միջազգային չափանիշներն, և Կառավարությունը պետք է այդ բուհերի ֆինանսավորման 100 տոկոսն իր վրա վերցնելու պարտավորություն ստանձնի: Մենք պարտավորվում ենք ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխանող բուհեր, բուհերի ֆինանսավորում՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկմամբ: 2027 թվականից հետո թույլ չենք տալու հավաստագրման, լիցենզավորման պայմանները չբավարարող բուհերի գոյություն Հայաստանի Հանրապետությունում՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պետական»:
Կարծիքներ