Խնկո Ապոր անվան ազգային գրադարանի հունիսմեկյան միջոցառումներին մասնակցել է 44-օրյա պատերազմի մասնակիցների և արցախցի շուրջ 50 երեխա
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի միջոցառումներին մասնակցել է 44-օրյա պատերազմի մասնակիցների և արցախցի շուրջ 50 երեխա: Այս մասին հայտնեցին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից:
Հունիսմեկյան ծրագրի շրջանակում գրադարանի բակում երեխաները մասնակցել են կավճանկարչությանն ու նկարչությանը. նրանց հանձնարարվել էր նկարել իրենց երազանքները:
Գրադարանի բացօթյա հարթակում հանդիպում-քննարկումներ են կազմակերպվել ժամանակակից գրողներ Լիլիթ Ալթունյանի և Օլգա Դարյանի հետ: Հեղինակներն ընթերցել են իրենց գրքերը, իսկ փոքրիկներն ըստ պատմությունների նկարազարդումներ կատարել: Տիկին Դարյանը նույնիսկ անհատական վարպետության դաս է անցկացրել բերձորցի սկսնակ ստեղծագործող մի շնորհալի աղջնակի հետ: Դերասան Ստեփան Շահինյանը հեքիաթներ ու առակներ է պատմել, իսկ երեխաները դրանց հիման վրա պատկերազարդումներ են կատարել:
«Հեքիաթի սրահում գրադարանի հյուրերը դիտեցին «Շունն ու կատուն» հեքիաթի բեմականացումը, կատարեցին «Ախ, ինչ լավ են սարի վրա» երգը: Այնուհետ գրադարանի փոքրիկ հյուրերը մասնակցեցին Աննա Ասլանյանի «Գագիկն ընկել է երազների գիրկը» գրքի շուրջ ինտերակտիվ խաղ-քննարկմանը: Հեղինակը նախքան քննարկմանն անցնելը երեխաներին ներկայացրեց իր գրքի ստեղծման ու հրատարակության նախապատմությունը, երեխաները զրուցեցին հեղինակի հետ: Միջոցառումներին զուգահեռ օրվա ընթացքում հայկական մուլտֆիլմեր ցուցադրվեցին:
Արցախցի փոքրիկների ու զինծառայողների երեխաների համար անակնկալ էր պատրաստել «Արմսվիթ» ընկերությունը՝ քաղցր հյուրասիրության տեսքով:
Արցախցի փոքրիկներից ու զինծառայողների երեխաներից բացի հունիսմեկյան միջոցառումներին միացան նաև Երևանի մի շարք դպրոցների սաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ