Ինչպես կանխել թոքերի օբստրուկտիվ հիվանդության զարգացումը
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) տարածված, կանխարգելելի և բուժման ենթարկվող հիվանդություն է: Այն ընթանում է աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիայով (շնչուղիների նեղացմամբ):
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ-ից բնակչության մահացությունը զբաղեցնում է 3-րդ տեղը:
Նշենք, որ 2019 թվականին ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահացել է շուրջ 3,23 մլն մարդ. մահերի ավելի քան 80%-ը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
ԹՔՕ հիվանդությունը դրսևորվում է կայուն և պրոգրեսիվող ախտանիշների զարգացումով, ինչպիսիք են` հևոցը, դժվարաշնչությունը, հազը` հաճախ խորխարտադրությամբ, արտաշնչման փուլի երկարացումը, սուլող շնչառությունը, հոգնածության զգացողությունը: Որպես բարդություն` հնարավոր է շնչառական և աջ փորոքային սրտային անբավարարության զարգացումը:
ԹՔՕ հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են.
▪️ ծխախոտի օգտագործումը` ակտիվ և պասիվ ծխելը (ԹՔՕՀ դեպքերի շուրջ 80-90%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ),
▪️ օդի աղտոտվածությունը, ընդ որում, ինչպես արտաքին (մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիայի բարձրացում, մասնագիտական աղտոտումներ` ածխարդյունաբերությունը, ոսկու արդյունաբերություն կամ սիլիցիումի և ապակեպլաստի փոշիների ազդեցություն), այնպես էլ ներտնային (փայտի կամ աթարի այրում` որպես ջեռուցման հիմնական աղբյուր),
▪️ ժառանգական նախատրամադրվածությունը` ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարություն (ներկայումս լավ հետազոտված ժառանգական պաթոլոգիա, որը բերում է ԹՔՕՀ-ի առաջացման), այլ ժառանգական գործոնների դերը դեռ ուսումնասիրվում է,
▪️ մանկական տարիքում զարգացող բրոնխիալ ասթման,
▪️ երեխայի զարգացման առանձնահատկությունները` ներարգանդային զարգացման խանգարումներ, մանկական տարիքում ծանր շնչառական ինֆեկցիաներ,
Հիշեցնենք, որ ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացը կանխելու նպատակով, մասնավորապես`
▪️ ծխելը դադարեցնելը,
▪️ կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
▪️ շնչական վարակների դեմ պատվաստումների իրականացումը (գրիպ, կորոնավիրուս):
Հարկ է նշել, որ ԹՔՕՀ մշտադիտարկման, վաղ ախտորոշման և բուժման վերահսկման արդյունավետ միջոց է համարվում սպիրոմետրիան: Այն թոքերի ֆունկցիոնալ հետազոտման ամենատարածված ու արդյունավետ թեստերից է, բնորոշվում է բարձր զգայունությամբ, ոչ միջամտական բնույթով և պարզությամբ:
Կարծիքներ