Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 400 մլն ճապոնական յեն դրամաշնորհ՝ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելու համար

Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 400 մլն ճապոնական յեն դրամաշնորհ՝ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 30-ի նիստում հավանություն տվեց 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապո¬նիայի կառավարության միջև «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարության միջև ս.թ. հունիսի 30-ին ստորագրված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև կայացած բանակցությունների արդյունք է: Այն նպատակ ունի զարգացնել   Ճապոնիայի հետ տնտեսական համագործակցությունը և խթանել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացումը:

Համաձայն Համաձայնագրի, Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է չորս հարյուր միլիոն ճապոնական յեն  դրամաշնորհ, որի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում  ձեռք  բերել լիաքարշ (4WD) շտապ օգնության և «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական  օգնություն տրամադրելու նպատակով:

Վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի հանրապետության, մասնավորապես` մարզային առողջապահության բարելավմանը և բուժօգնության հասանելության բարձրացմանը: 

Հաշվի առնելով վերոհիշյալը, ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է  Համաձայնագրի վավերացումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում