«Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը». Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը՝ ԼՂ շուրջ պայմանավորվածության մասին

«Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը». Գերմանիայի ԱԳ ներկայացուցիչը՝ ԼՂ շուրջ պայմանավորվածության մասին

Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ երկրի կառավարությունը «թեթևություն է զգում» Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնության հետ կապված, սակայն պնդում է, որ հակամարտության լիարժեք լուծման շուրջ անհրաժեշտ է բանակցություններ վարել, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Թեթևությամբ ի գիտություն ընդունեցինք կնքված համաձայնագիրը: Այժմ անհրաժեշտ է նախապայմաններ ստեղծել մարդասիրական վատ վիճակում հայտնվածներին օգնություն ցուցաբերելու համար»,- նշել է գերատեսչության ներկայացուցիչը: 

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է հակամարտության երկարաժամկետ լուծման համար հանգամանալից բանակցություններ սկսել: Բուրգերը հավելել է, որ Գերմանիան «ուղեկցելու է» այս գործընթացը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում