Հայաստանը ջրբաժանի առջեւ է

Հայաստանը ջրբաժանի առջեւ է

Լրագրողները հաճախ են օգտագործում նման բարձրագոչ վերնագրեր՝ ընթերցողի ուշադրությունը այս կամ այն խնդրի վրա սևեռելու նպատակով: Մտածում էի, արդյոք արժի նման կերպ անդրադառնալ հարցին: Վստահ եմ՝ հենց այդպես էլ պետք է:


Հանրությանը ներկայացվել է ապօրինի կերպով արված մի գաղտնալսում ու պարտադրվում է գործողություն քստմնելի այս արարքի առնչությամբ: Մենք էլ, հասարակության անդամներս, փոխանակ խորհենք մեզ մատուցած ստորության սահման չունեցող այդ գործողության մասին, փոխանակ բարոյապես ոչնչացնենք դրա կազմակերպչին, ընկել ենք ձայնագրության դերակատարներից մեկի խոսքի իրավաչափության հետևից:


Ո՞վ էր Գ. Ջհանգիրյանը ձայնագրության պահին՝ ԲԴԽ շարքային անդամ, առանց ոչ մի լիազորության: Պաշտոնական ծանրաբեռնվածություն չունեցող խնջույքին նա, բնականաբար, կարող էր ազատ խոսել. ցանկացածը՝ իրականություն ներկայացնել, վերամբարձ արտահայտություններ անել, կենացներ խմել, ակնարկներ անել, ՛՛կտեր՛՛ տալ: Դա էլ արել է: Որևէ իրավական հետևանք սեղանի շուրջ ասածը չունի ու չի կարող ունենալ: Իսկ բարոյական՝ թող ամեն մեկն իր ճաշակով չափի՝ ինձ համար զրույցի հրապարակված հատվածը դա հատուկ ընտրված մի ծաղկաքաղ է, որում սեղանակիցներից մեկը իրան շատ ավելին էր վերագրել, քան իրականում կարող է: Ընդ որում, դա արել է դիտավորյալ, հասկանալով, թե ովքեր են իր զրուցակիցները:


Խնդիրը այլ հարթության վրա է՝ հասարակության մի նշանակալի հատված, դրանց շրջանում նաև հարգարժան իրավապաշտպաններ, իշխող խորհրդարանական խմբակցության անդամներ, ինչպես ասվում է՝ կարծիք ձևավորողներ՝ վտանգավոր մի գործընթացի մեջ են հայտնվել: Նրանք, փաստորեն, ցանկանում են լեգիտիմացնել Վարդազարյանի գաղտնալսումը և ընթացք տալ այս կեղտոտ արարքի արդյունքում հայտնի դարձած ինչ-ինչ խոսքերին:
Խնդիրը այստեղ ամենեւին Գ. Ջհանգիրյանի անձը չի՝ շատ ավելի մեծ մարտահրավերի առջև ենք կանգնած:


Հարցն այն է, որ եթե տեսանելի ապագայում Գ. Ջհայնգիրյանը հեռացվի ԲԴԽ ղեկավարի իր դիրքից, Հայաստանում հիմք կդրվի մի նոր՝ պետությունը քայքայող ավանդույթի՝ գաղտնի ձայնագրությունների, նկարահանումների հրապարակմանն ու իշխանություններից արձագանքի պահանջին:

Վարդազարյանենք ու նրանց հովանավորները, բնականաբար, չեն կանգնի ոչ մի բանի առաջ՝  նրանք այսօր էլ չունեն որևէ բարոյական պատնեշ, իսկ հաջողության դեպքում նրանց ՛՛ստեղծագործական նախաձեռնությունների՛՛ համար կբացվի անծայրածիր մի նոր դաշտ: Եթե Ջհանգիրյանի դեպքում դա աշխատեց՝ և փորձում են աշխատեցնել ուրիշի՝ իրավապաշտպանների, որոշ ՛՛բարակսիրտ՛՛ պատգամավորների, հասարակությունում իսկապես հարգանք վայելող անձանց ձեռամբ, ապա մերժվածները կփորձեն դա աշխատեցնել նաև այլ դեպքերում:

Իսկապես, մենք կանգնած ենք մի վտանգավոր նախադեպի շեմին, որը ամբողջությամբ կարող է փոխել թե՛ քաղաքական դաշտում և թե հասարակության ներսում մինչ այս ձևավորված սովորությունների և ավանդույթների փխրուն հավասարակշռությունը:


Եւ հակառակը՝ իշխանության կողմից այս նենգ արարքը անտեսելով հասարակությունը կստանա առողջ ուղերձ, որ նախկինների նման ապօրինությունները մերժվում և անտեսվում են, դրանք երբեք չեն կարող դառնալ գործոն հասարակական կյանքում: Ներկայացված գաղտնալսումը պետք է մնա մատնության եզակի մի դեպք, ուղղելով նեգատիվ ողջ էներգիան հենց նախաձեռնողի վրա: Վարդազարյանն ու իրեն արդարացողները պետք է մերժվեն բոլորի կողմից, հասարակության արձագանքի ծանրության ներքո իրենց հետ սեղանի շուրջ նստելն իսկ պետք է մարտահրավեր դառնա:

Բոլոր արատներով հանդերձ, Հայաստանում գաղտնի ձայնագրությունների պրակտիկան հասարակական կյանքում լայնորեն չի օգտագործվել: Ի տարբերություն մեր որոշ հարևանների, որտեղ գաղտնալսումները լրջագույն, խիստ բացասական գործոն են քաղաքական կյանքում: Հայաստանն իսկապես այսօր ջրբաժանի առջև է: Սխալվելու իրավունք չունենք:

  
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում