«Միայն մեկ մրցույթով ՀԷՑ-ը խնայեց ավելի քան 83,5 մլն դրամ»․ Ռոմանոս Պետրոսյան
Օրերս ՀԷՑ-ում ամփոփվեց հերթական բաց և թափանցիկ մրցութային գնման գործընթացը՝ էներգահամակարգը բաշխիչ ցանցին միանալու (նոր միացումների) կապալի աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով։ Այս մասին հայտնում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
«Գնման մրցույթին մասնակցում էին 4 լիցենզավորված ընկերություններ։
Ստացված գնառաջարկների ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ ամենամրցունակ գինն առաջարկել և մրցույթում հաղթող է ճանաչվել նույն այն ընկերությունը, որը վերջին տարիներին միայնակ իրականացրել էր ՀԷՑ-ի բացառապես բոլոր ներդրումային ծրագրերի կապալի աշխատանքների տեխնիկական հսկողությունը՝ «մենաշնորհային արտոնյալ» պայմաններում։
Ընդ որում, տարիներ շարունակ ՀԷՑ-ում տեխ.հսկողության աշխատանքները նույն այդ ընկերության կողմից իրակացվել են նախահաշվային արժեքից ընդամենը 1,5% ցածր՝ զեղչված գնով, այն դեպքում, երբ մեր կողմից հայտարարված հիրավի մրցակցային ու թափանցիկ մրցույթում նույն ընկերությանը հաջողվել է հաղթող ճանաչվել միայն վերասակարկության արդյունքում՝ նախահաշվային արժեքից շուրջ 42% ցածր գին (զեղչ) առաջարկելու պայմաններում։
Միայն 2024 թվականին ՀԷՑ-ում իրականացված աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության դիմաց տվյալ ընկերությանն է վճարվել ավելի քան 206մլն ՀՀ դրամ (1,5% զեղչի կիրառմամբ)։
Ըստ այդ, եթե ՀԷՑ-ում ժամանակին պատշաճ մրցութային գնումներ իրականացվեին և բաց-թափանցիկ գործընթացներով ներգրավեին կազմակերպությունների (արտոնյալ-մենաշնորհային քվոտաների կիրառման փոխարեն), միայն անցյալ տարվա արդյունքներով՝ լոկ տեխ.հսկողության ծառայությունների դիմաց կատարված ծախսերից կխնայվեր ավելի քան 83,5մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։
Ահա այսպիսի «փառահեղ» տնտեսավարում ՀԷՑ-ում #իրենց_ձևով. տարիներ շարունակ…
ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին»,-նշել է նա։


Կարծիքներ