Աննա Հակոբյանը Վանաձորում այցելել է Ստեփան Զորյանի տուն-թանգարան, Գեղագիտության ազգային կենտրոն և Գուգարաց թեմի առաջնորդարան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վանաձորյան այցը շարունակվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանում։ 20-րդ դարի հայ խոշոր արձակագիր Ստեփան Զորյանը 1964-1967 թվականներին ապրել է այս տանը: Վարպետի աշխատասենյակն ու ննջասենյակը պահպանվել են նույն կերպ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թանգարանի աշխատակիցներն Աննա Հակոբյանին ուղեկցել են երկրորդ հարկ, որտեղ մեծ բեմն է։ Այստեղ ամիսը մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպում մշակույթի գործիչների հետ, անցկացնում են գրքի շնորհանդեսներ: Մի անկյունում էլ Զորյանի դիմանկարն է, որի հեղինակը Մարտիրոս Սարյանն է։ Այցելուները հնարավորություն ունեն հավելվածի միջոցով կենդանացնել պատկերն ու լսել Ստեփան Զորյանի ձայնը։
Աննա Հակոբյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի աձնակազմին ազգային ժառանգության այս կարևորը կտորը այսքան խնամքով պահպանելու համար։
ՀՀ վարչապետի տիկնոջ մշակութային մյուս կանգառը Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն էր: Նկարչության, ապլիկացիայի, ասեղնագործության, բատիկայի, կարպետագործության խմբակներում սովորում են 6-18 տարեկան երեխաներ, որոնց թիվը տարեկան հասնում է 300-ի: Կենտրոնում հիմնականում սովորում են աղջիկ։ Տղաներին ներգրավելու և նրանց քանդակագործություն ու կավագործություն սովորեցնելու համար առայժմ տարածքի խնդիր կա։ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում պահեստային տարածքի կարիք էլ կա, որպեսզի կարողանան պահել երեխաների ստեղծագործությունները։
Կենտրոնի տնօրենն Աննա Հակոբյանին ներկայացրել է վանաձորցի երեխաների ստեղծագործությունները: Կարպետագործության դասարանում Աննա Հակոբյանը հետևել է, թե ինչպես են երեխաները գորգ գործում ինքնաշեն և պրոֆեսիոնալ սարքերի վրա։ Վարչապետի տիկնոջ այցն այստեղ ավարտվել է պատրաստի գորգի կտրման հանդիսավոր արարողությամբ։
Հաջորդ կանգառը Գուգարաց թեմի առաջնորդարանն էր, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը։ Վարչապետի տիկինը մոմ է վառել Սուրբ Սարգիս եկեղեցում և առանձնազրույց ունեցել թեմի առաջնորդի հետ։
Աննա Հակոբյանը ծանոթացել է թեմի սոցիալական ծրագրերին: Այստեղ գործում է «Տուն» սոցիալ կրթական կենտրոնը, որտեղ հիմնականում հաճախում են հակամարտություններից տուժած ընտանիքների երեխաները։ Այս պահին կենտրոնում սովորում է 55 երեխա, որոնք հմտանում են նկարչության և կարպետագործության ոլորտներում: Նրանց ծնողների համար էլ վերամասնագիտացման ծրագրեր կան, կարող են ստանալ նաև հոգեբանական աջակցություն:
Կարծիքներ