Կառավարությունն աջակցություն կտրամադրի սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցող ընտանիքներին
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Սա սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը խթանելու նախագիծ է, վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ենք ընձեռում ընտանիքներին բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը՝ իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Այս ծրագիրը գյուղական համայնքների համաչափ զարգացման համար կարևոր բաղադրիչներից մեկն է։
Եվ ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը։ Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 12 միլիոն դրամի և դրա գծով մինչև 12 տոկոս չափով հաշվեկրվող տոկոսագումարների մարման համար։
Ընդհանուր առմամբ՝ պետական աջակցությունը հիփոթեքային վարկի սպասարկման տասը տարիների ընթացքում շահառուին տրամադրվող աջակցությունը կազմելու է շուրջ 20 միլիոն 600 հազար դրամ»,- ասաց Մկրտչյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացրեց նաև, թե ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառու։
«Շահառու կարող են լինել Հայաստանի Հանրապետության բնակչության ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսինները, որոնցից առնվազն մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման։ Եվ այս ծրագրի հիմնական թիրախը նաև նոր ստեղծվող ընտանիքներն են, որոնք կկարողանան իրենց սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ։
Հանրապետությունում ներկայումս առկա է 79 սահմանամերձ բնակավայր, որոնք գտնվում են 5 մարզերում։ Պետք է նշել, որ պետական աջակցության ամենատարբեր ծրագրերով չունենք հստակ ծրագիր սահմանամերձ բնակավայրերի բնակարանային պայմանների բարելավմանը նպաստելու համար։
Այս ծրագիրը ունիվերսալ բնակարանային պայմանները բարելավելու ծրագիր է և վերաբերվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերին, որը հնարավորություն կտա այնտեղ մեր ընտանիքներին նոր անհատական բնակելի տուն կառուցելու»,- նշեց Մկրտչյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ցանկացած ոք սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու համար բանկից հիփոթեքային վարկ ստանալու դեպքում պետությունից կստանա 12 միլիոն դրամ այդ գումարի գծով 12 տոկոս սուբսիդավորում տասը 10 ժամանակահատվածում։
«Տրամաբանությունն այն է, որ հենց զինվորականները կլինեն սահմանամերձ բնակավայրերում բնակարաններ կառուցողները, որովհետև սահմանամերձ շատ բնակավայրերի բնակիչներ հենց զինվորական են»,- ասաց վարչապետը։
Կարծիքներ