Սաուդյան Արաբիան Իրանի հետ համագործակցությունը քաղաքական առաջնահերթություն է համարում

Սաուդյան Արաբիան Իրանի հետ համագործակցությունը քաղաքական առաջնահերթություն է համարում

Իրանում Սաուդյան Արաբիայի նորանշանակ դեսպան Աբդուլլա բեն Սաուդ Ալանազին hայտարարել է, որ իր երկրի` 2030 թ.-ի քաղաքական հեռանկարների պլանը նախատեսում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության ընդլայնում: Այդ մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:

«Սաուդյան Արաբիայի 2030 թ.-ի քաղաքական հեռանկարը նախատեսում է Իրանի հետ համագործակցության ընդլայնում՝ ռազմավարական տեսլականի հիման վրա, որը կբերի փոխադարձ վստահություն և կամրապնդի բարիդրացիությունը, փոխըմբռնումը, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը երկու երկրների միջև», - ասել է Ալանազին:

Այս մեկնաբանություններն առաջինն էին Ալանազիի կողմից այն բանից ի վեր, ինչ նա սեպտեմբերի 5-ի կեսօրին ժամանել է Իրանի մայրաքաղաք Թեհրան, որպեսզի սկսի իր դիվանագիտական ​​առաքելությունը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից յոթ տարի անց։

Իր հերթին սեպտեմբերի 5-ին Սաուդյան Արաբիայում Իրանի նոր դեսպան Ալիռեզա Էնայաթին ժամանել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադ՝ այնտեղ իր առաքելությունն սկսելու համար:

Երկու երկրները Չինաստանի միջնորդությամբ դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու գործարքի շուրջ համաձայնության են եկել 2023 թ. մարտին։ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների խզման պատճառ էին դարձել  2016 թ. հունվարին Սաուդյան Արաբիայի կողմից նշանավոր հոգևորական շեյխ Նիմր ալ-Նիմրի մահապատժի դեմ Իրանում բողոքի ցույցերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում