ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան մինչև ապրիլի 30-ը օրինականացնել իրենց կարգավիճակը Ռուսաստանում. փորձագետ

ՀՀ ոչ բոլոր քաղաքացիները կկարողանան մինչև ապրիլի 30-ը օրինականացնել իրենց կարգավիճակը Ռուսաստանում. փորձագետ

«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը համարում է, որ Ռուսաստանում անօրինական հիմունքներով գտնվող ոչ բոլոր հայ միգրանտները կկարողանան մինչև ապրիլի 30-ը օրինականացնել իրենց կարգավիճակը և կարող են արտաքսվել իրենց բնակության երկիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանախոսն այս մասին նշեց Մեդիա կենտրոնում կայացած «Ռուսաստանի կոշտ միգրացիոն քաղաքականությունը. ի՞նչ է սպասվում հայ աշխատանքային միգրանտներին» թեմայով քննարկման ընթացքում: 

«2024 թվականի ամռան վերջին Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ-ն հայտարարել էր, որ օգոստոսի 31-ի դրությամբ ՌԴ-ում գտնվել է երկքաղաքացիություն չունեցող 246 հազար ՀՀ քաղաքացի՝ օրինական հիմունքներով, անօրինական միգրանտներ, ժամանակավոր բնակության, կացության իրավունք ունեցողներ և այլն: Վերջերս ոչ պաշտոնական աղբյուրները՝ իրավապաշտպանները և հայ համայնքի ներկայացուցիչները հայտնեցին, որ Ռուսաստանում անօրինական գտնվում է 46-48 հազար ՀՀ քաղաքացի: Այդ թվերը հնչեցրին այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ անօրինական միգրանտները պարտավոր են մինչև ապրիլի 30-ը օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում, այլապես ՌԴ-ն ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել՝ օրինակ, արտաքսել նրանց իրենց մշտական բնակության կամ քաղաքացիության երկրներ»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը՝ հավելելով, որ դատարանի վճռով արտաքսումները կապված են բավականին մեծ գումարների հետ:

Նա գտնում է, որ ՀՀ քաղաքացի ոչ բոլոր միգրանտները կհասցնեն մինչև նշված ժամկետն օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանում:

«Այդ մարդիկ արդեն իսկ ունեն 3-5-10 տարի ժամկետով մուտքի արգելք: Այսինքն, սահմանը հատելու պահին նրանց 3-10 տարի ժամկետով արգելվելու է մուտք գործել Ռուսաստան: Միգրացիոն ժամկետի խախտման դեպքում Ռուսաստանում իրենց գտնվելը կարող են օրինականացնել այն անձինք, որոնց ընտանիքի անդամը ՌԴ քաղաքացի է: Բայց այս դեպքում էլ շատ կարևոր է այն հիմքը, ինչի համար նրանք ստացել են մուտքի արգելք կամ արտաքսման հարց է առաջացել: Օրինակ, ծանր հանցագործության համար դատապարտված մարդը, նույնիսկ եթե արդեն մարվել է դատվածությունը և նա ազատության մեջ է, ՌԴ իշխանություններից կողմից կարող է ճանաչել անցանկալի անձ: Անգամ ՌԴ քաղաքացի հանդիսացող ընտանիքի անդամ ունենալու հանգամանքը չի կարող այդ որոշումը չեղարկելու հիմք հանդիսանալ»,- նշեց Տաթևիկ Բեժանյանը:

Ըստ այդմ, նա գտնում է, որ մինչև ապրիլի 30-ը շատ քչերին կհաջողվի օրինականացնել իրենց միգրացիոն կարգավիճակը Ռուսաստանում: Մյուսներին փորձագետը խորհուրդ տվեց կամավոր վերադառնալ, որպեսզի հետո չբախվեն ավելի լուրջ խնդիրների: 

ՀՀ ՆԳ նախարարության միգրացիոն և քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Ռուսաստանի իշխանությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման 1100 որոշում են կայացրել: Բացի այդ, 2024 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ 16337 քաղաքացու մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնություն: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում