Իրանական ԱԹՍ-ները մոտեցել են Պարսից ծոց մտնող ԱՄՆ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբին
Իրանը տարածել է Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմածովային ուժերի «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբի տեսանյութը և լուսանկարները, որոնք արվել են անօդաչու թռչող սարքերի կողմից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Tasnim գործակալության հրապարակումից։
Իրանական ԱԹՍ-ները բավական մոտեցել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին, երբ այն անցնում էր Հորմուզի նեղուցով դեպի Պարսից ծոց։
Tasnim-ի հաղորդմամբ՝ մարդու կողմից կառավարվող, ինչպես նաև անօդաչու հետախուզական համակարգերը հետևել են ամերիկյան ավիակիր հարվածային խմբին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարները և բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խմբի ներկայությունը ոչ միայն չի փոխում անվտանգային իրավիճակը, այլև լարվածություն և անապահովություն է առաջացնում տարածաշրջանում։ Ըստ հաղորդագրության՝ տարածաշրջանի երկրները կարող են առանց օտարերկրացիների միջամտության ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, «Դուայթ Էյզենհաուեր» ավիակիր հարվածային խումբը Պարսից ծոցի ջրեր է մտել նոյեմբերի 26-ին։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության՝ հարվածային խումբը պարեկություն կիրականացնի՝ «ապահովելու նավարկության ազատությունն առանցքային միջազգային ջրուղիներում»։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև հակամարտության ընթացքում Եմենի ափերի մոտ և Կարմիր ծովում զինված խմբերը մի քանի անգամ գրավել են Իսրայելի հետ կապված նավեր։ Բացի այդ, Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող հատվածներից ամերիկյան ռազմանավերի վրա են արձակվել բալիստիկ հրթիռներ։
Կարծիքներ