Աննա Հակոբյանը հյուրընկալել է Արցախյան պատերազմներում զոհվածների հարազատներին

Աննա Հակոբյանը հյուրընկալել է Արցախյան պատերազմներում զոհվածների հարազատներին

Պատմություններով տարբեր, սակայն ճակատագրերով նման կանայք այսօր՝ ապրիլի 7-ին՝ Մայրության օրը, ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով հյուրընկալվել էին Կառավարական առանձնատանը: Աչքերում՝ ցավ, սրտերում՝ վիշտ, սակայն կյանքը շարունակելու նոր ձգտումն էր, որ որդեկորույս մայրերին միավորել էր ու ստիպում զգալ՝ իրենք միայնակ չեն։

Ինչպես հայտնում է ՀԺ-ն՝ Աննա Հակոբյանը շեշտեց՝ որդեկորույս ծնողները միմյանց հետ պետք է շփվեն, որպեսզի կարողանան ուժեղ լինել։ Միայն այդպես մեր երկիրը նույնպես ուժեղ կլինի։ Իրենց մի մասը հայրենիքին տված, կոտրված, սակայն միևնույն ժամանակ հպարտ ու անկոտրում մայրերը պետք է ապացուցեն, որ կան, ապրում են իրենց զավակներին արժանի կյանքով։

«Ես չեմ պատկերացնում ավելի լավ միջավայր, որովհետև մենք իրար հետ ենք, կարող ենք այսօրը միասին անցկացնել: Մեր ամեն օրվա ապրածով պետք է ապացուցենք, որ արժանի ենք մեր հերոսներին: Ես բոլոր մայրերին խնդրում եմ դառնալ երկիրը բոլոր սխալ ուղիներից դուրս հանող և դեպի զարգացող ուղի դնելու պայքարի առաջամարտիկը»,- ասաց վարչապետի տիկինը:

Նա նաև շեշտեց՝ կյանքը պետք է շարունակել այնպես, որ վերևից բոլորին նայող հերոսները տեսնեն՝ արժանի ենք իրենց տված պայքարին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում