Ռուսական ուժերը վերջին օրվա ընթացքում խոցել են 3 ուկրաինական ինքնաթիռ, 6 անօդաչու թռչող սարք. Կոնաշենկով
Ռուսական ՀՕՊ միջոցները վերջին օրվա ընթացքում խոցել են 3 ուկրաինական ինքնաթիռ, 6 անօդաչու թռչող սարք: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ նրա խոսքով՝ ոչնչացվել է ընդհանուր առմամբ 267 անօդաչու թռչող սարք, 207 զենիթահրթիռային համալիր և 1618 տանկ:
Կոնաշենկովը նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան խոցել է Ուկրաինայի 117 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ մեկ С-300 զենիթահրթիռային համալիր, իսկ ՀՕՊ միջոցները ոչնչացրել են ուկրաինական Точка-У համալիրի մեկ մարտավարական հրթիռ: Ծովային բազավորման գերճշգրիտ Калибр թևավոր հրթիռներով ոչնչացվել է զինամթերքի և սպառազինության պահեստ Ժիտոմիրի մարզում, իսկ Оникс գերճշգրիտ թևավոր հրթիռով ոչնչացվել է Նիկոլաևի շրջանում գտնվող վառելիքի պահեստը, որով իրականացվում էր Ուկրաինայի հարավում ուկրաինական ուժերին վառելիքի մատակարարումը:
ՌԴ ՊՆ խոսնակը հավելել է, որ ռուսական ուժերը մարտեր են մղում Նովոմիխայլովկա և Նովոբախմուտովկա բնակավայրերի համար:
Կարծիքներ