Մակունցը չի բացառում մինչև ընտրությունները Ընտրական օրենսգրքի որոշ դրույթների փոփոխությունը
Իշխանությունը որևէ խնդիր չի տեսնում մինչև ընտրությունները Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալուց հետո Ընտրական օրենսգրքում այլ դրույթների փոփոխություններ ևս կատարելու համար, եթե դրանց շուրջ լինի կոնսենսուս:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին՝ թե՞ Վենետիկի հանձնաժողովի կողմից եզրակացություն ստանալուց հետո Ընտրական օրենսգրքում այլ փոփոխություններ ևս արվելո՞ւ են նախքան ընտրությունները:
«Ըստ էության Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները բաժանել ենք երկու մասի: Մի մասը, որը վերաբերում է միայն համամասնական ընտրակարգին, արդեն ԱԺ լիագումար նիստում ընդունել ենք: Այն այս պահին արդեն նախագահի դատին է հանձնված, առաջիկայում կտեսնենք, թե ինչ տեղի կունենա՝ կոնկրետ համամասնականի առնչությամբ: Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, ապա երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այդ ժամանակ կքննարկենք այդ հարցը, թե որ դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար և որոնք կհետաձգվեն: Դա արդեն կքննարկվի խորհրդարանում և կորոշենք»,- ասաց Մակունցը:
Նա շեշտեց՝ պետք է այս համատեքստում նաև հաշվի առնել, թե որքանով է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել նաև ԿԸՀ-ի կողմից: Եթե կլինեն դրույթներ, որոնք կպարզեցնեն ընթացակարգերը, կընդունեն դրանք, եթե ոչ, ապա կթողնեն հետագային: Անդրադառնալով անցողիկ շեմերի հետ կապված դրույթների մասին հարցին՝ նա վստահեցրեց, որ անխտիր բոլոր դրույթները քննարկելի են գործընկերների հետ խորհրդարանում: «Եթե կլինի դրույթ, որ իրենք գտնում են, որ հենց այս պահին պետք է իրականացնել, մենք խնդիր չենք տեսնում»,- ասաց նա ու հիշեցրեց, որ խորհրդարանական խմբակցությունների հետ փորձել են բավականաչափ խորհրդակցություններ ունենալ մեկ դրույթի՝ պարզ համամասնական ընտրակարգի վերաբերյալ:
Խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ այս ընթացքում նաև բավականին ծավալուն քննարկում են ունեցել ԿԸՀ նախագահի հետ, որն իր դիտարկումները ներկայացրել է ոչ միայն փաթեթում փոփոխություններ կատարելու առնչությամբ, այլև ներկայացրել է մոտեցումներ, որոնք կարող են ժամանակի առումով խնդիր հանդիսանալ հենց ԿԸՀ-ի համար: «Բոլոր դրույթները, որոնց շուրջ կլինի կոնսենսուս, բնականաբար, մեզ համար ընդունման ենթակա են»,- նշեց Մակունցը:
Իսկ ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի ընդհանուր կազմին, ապա մայիսից շուտ իրենք դրան չեն անդրադառնալու: «Չի բացառվում, որ լինեն նոր անուններ»,- նշեց Մակունցն ու հավելեց՝ ենթադրում է, որ վարչապետի հրաժարականը կլինի ապրիլի վերջին, հստակ օր դեռ որոշված չէ:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել հունիսի 20-ին: Ապրիլի 1-ին ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով հանվեցին ռեյտինգային ցուցակները, այսպիսով ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով: ԼՀԿ-ն կտրականապես դեմ էր, ԲՀԿ-ն չէր մասնակցել ընտրությանը: Նախքան դա իշխանությունը Վենետիկի հանձնաժողով էր ուղարկել նոր Ընտրական օրենսգրքի փաթեթ, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ:
Կարծիքներ