Հոլանդացի պատգամավորը Էրդողանին քննադատելու պատճառով կրկին դարձել է Թուրքիայում քննության թիրախ
Թուրքիայի դատախազությունը սկսել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանին ուղղված Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավոր Գիրտ Վիլդերսի արտահայտությունների քննություն, հայտնում է Reuters-ը:
Վիլդերսը Twitter-ում Էրդողանին ահաբեկիչ էր անվանել եւ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին կոչ արել վտարել Թուրքիայի դեսպանին: Նա նաեւ կոչ էր արել ՆԱՏՕ-ից Թուրքիային հանել:
Անկարայի դատախազությունը Վիլդերսի դեմ քննություն է սկսել Twitter-ում հրապարակումների, ներառյալ լուսանկարների եւ Էրդողանին հասցեագրած գրավոր «վիրավորանքների» պատճառով:
«Ազատության կուսակցության» առաջնորդ Վիլդերսը եվրոպացի ամենաակնառու ծայրահեղ աջ քաղաքական գործիչներից է եւ առանցքային դեր է խաղում իր երկրում ներգաղթի հարցով բանավեճերի ձեւավորման գործում:
Նրա մեկնաբանությունները առաջացրել են թուրք պաշտոնատար անձանց բացասական արձագանքը:
«Մեր նախագահի վրա հարձակված այդ ֆաշիստը, դիվային նացիստ կլիներ, եթե ապրեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Եթե նա հիմա Մերձավոր Արեւելքում ապրեր, կլիներ ԻԼԻՊ-ի մարդսպան»,- Twitter-ում նշել է «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը:
Էրդողանն անցյալ տարի դատախազություն բողոք էր ներկայացրել Վիլդերսի դեմ ծաղրանկարի պատճառով, որում նա պատկերված էր «ահաբեկիչ» մակագրությամբ, ինչպես նաեւ թուրքական դրոշով խորտակվող նավի նկարի պատճառով:
Ռյուտեն քննադատել էր Վիլդերսի դեմ թուրքական դատական հայցը՝ հայտարարելով, որ քաղաքական գործիչն իրականացրել է խոսքի ազատության իր իրավունքը:
Կարծիքներ