«Թալիբանի» գրոհայիններն արգելափակում են Քաբուլի օդանավակայանի մուտքը. ԶԼՄ-ներ
«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայիններն արգելափակում են Քաբուլի օդանավակայանի ճանապարհը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Աղբյուրի տեղեկություններով՝ թալիբները խոչընդոտում են հիմնականում երկրից հեռանալ ցանկացող աֆղանների՝ օդակայան մտնելու հնարավորությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արմատականներն իրենց հերթապահներին են տեղակայում օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորությամբ:
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ «Պակիստանյան միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը մոտ 350 մարդու է տարհանել Իսլամաբադ: Քաբուլում ևս մեկ ինքնաթիռ է վայրէջք կատարել Պակիստանից՝ աֆղանցիներին և միջազգային կազմակերպություններում աշխատող օտարերկրյա քաղաքացիների տեղափոխելու համար:
Իրավիճակը Քաբուլի օդանավակայանում շարունակում է լարված լիել: Հազարավոր մարդիկ ցանկանում են հեռանալ երկրից: Կարգուկանոնին օդակայանում հետևում են ամերիկացի զինվորականները:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:
Կարծիքներ