Նոր ուսումնական տարվանից Արցախում անվճար բուհական կրթական համակարգից կարող են օգտվել նաև ՀՀ քաղաքացիները
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմից, քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Արայիկ Հարությունյանն առաջարկել է նախարարությանը և բուհերին վերանայել մասնագիտությունների ցանկը, ուշադրություն դարձնել կրթության որակին՝ անհրաժեշտության պարագայում ընդգրկելով նաև հրավիրյալ մասնագետների:
«Որակյալ կրթությունը պետք է դառնա Արցախի այցեքարտերից մեկը, և կառավարությունն այս ուղղությամբ ոչինչ չի խնայելու»,- ասել է նախագահը:
Այդ նպատակին հասնելու գործողությունները մշակելու ուղղությամբ նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կարծիքներ