Հայփոստի փոստային բաժանմունքներում գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել
Հայփոստը Հայաստանի մարզերում սկսում է պիլոտային նոր ծրագիր Ալֆա- Ֆարմ ընկերության հետ: Առայժմ ծրագիրը կներառի տարբեր մարզերի 10 գյուղեր: Այդ մասին տեղեկացնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:
«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած Հայփոստի՝ զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ:
Նոր նախաձեռնությամբ, գյուղերի բնակիչները կարող են դեղեր պատվիրել և երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում:
Էական է, որ Հայփոստում պատվիրված դեղերի գինը նույնն է լինելու, ինչ Երևանում: Առաջիկայում ծրագիրը կտարածվի ողջ Հայաստանում և կկիրառվի բոլոր գյուղական բնակավայրերում:
<Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի Գյուղական վայրերի բնակիչների համար: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի ընդամենը Հայփոստի բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ շատ շուտով Հայաստանում, Հայփոստի միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր>,- նշում է Հայփոստի տնօրեն Հայկ Կարապետյանը:
Կարծիքներ