ՔՊ-ն վստահեցնում է՝ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարելու դեպքում ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի
Ազգային ժողովը քննարկեց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկելու հարցը։ Արդեն մեկնարկել է Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած նախագիծը ներկայացրեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Պատգամավորը ներկայացրեց նման որոշման հիմնավորումները:
«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագագի վրա դրվում են մի շարք պարտականություններ: Մասնավորապես՝ մշտական հանձնաժողովի նախագահը մասնակցում է ԱԺ խորհրդի նիստերին: Թագուհի Թովմասյանը, սակայն, 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով ըստ էության չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է նրան, որ հանձնաժողովը ԱԺ խորհրդի 46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրաակարգի ձևավորմանը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների շրջանակում բազմաթիվ որոշումների կայացմանը: Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա»,-ասաց պատգամավորը:
Այսպիսով ըստ ՔՊ-ի՝ Թովմասյանը, հետևողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից:
«Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը: Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու արժանապատվությունը այն ոտնահարող, նվաստացնող, վիրավորանք պարունակող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային բաց աղբյուրներում»,- ասաց Աղազարյանը:
Պատգամավորը շեշտեց՝ Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցաման մասին որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրել հանձնաժողովի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, միաժամանակ կմասնակցի խորհրդի նիստերին:
Նա նաև տեղեկացրեց, որ, եթե որոշումն ընդունվի, ՔՊ-ն չի առաջադրելու թեկնածու այս հանձնաժողովի նախագահի տեղի համար, քանի որ, ըստ քվոտայի, այդ տեղը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին, հետևաբար ՔՊ-ն պատրաստակամ է դիտարկել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն:
Այս հարցով հիմնական զեկուցողին չտրվեցին հարցեր, պատգամավորները ևս ելույթներով հանդես չեկան:
«Պատիվ ունեմ»-ը նիստին չէր մասնակցում, իսկ ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից, երբ սկսվեց այս հարցի քննարկումը:
Փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է ժամը 12:15-ին, կտևի մինչև 13:00-ն:
Կարծիքներ