Վարչապետն անհրաժեշտ է համարում գործարկել սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ
Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաեւ սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու եւ այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար՝ սա անընդունելի մոտեցում է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանը էսկալացիան արդարացնող խոսույթ ձեւավորելու համար օգտագործում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանագծման եւ սահմանազատման հարցը։
«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են. «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետեւ դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»։
Չեմ կարծում, թե այս հայտարարությունը կարող է որեւէ տարընթերցման տեղ տալ եւ ակնհայտ է, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել, իսկ Հայաստանը հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման եւ այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու եւ սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով:
«Ադրբեջանը մինչեւ օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար»,- հավելեց Փաշինյանը։
Հայաստանը, ըստ երկրի ղեկավարի, այս հարցում, եղել է եւ կլինի մաքսիմալ ճկուն եւ հետքաշման մի քանի բանաձեւեր նույնպես առաջարկել է:
«Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է սահմանին լարվածությունը եւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաեւ սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու եւ այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել:
«Մենք այդպիսի մի քանի տարբերակ ենք առաջարկել այդ թվում և Ադրբեջանին, եւ մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,- եզրափակեց Փաշինյանը։
Կարծիքներ