ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։

Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում արտերկրի մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, մասնագիտական հանրության, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանն իր ելույթում շեշտել է` ցուցահանդեսը հնարավորություն է` ծանոթանալու Փարաջանով արվեստագետին՝ իբրև ոչ կինոգործիչ.

«Նրա ստեղծած կոլաժների և պատկերների միջոցով մենք հնարավորություն կունենանք բացահայտելու Փարաջանովի՝ սիմվոլիզմով հարուստ, իրեն բնորոշ աշխարհը: Կան մարդիկ, ում կենսագրությունը գրել է ժամանակը, իսկ մնացած ամեն ինչ իրենք ինքնուրույն են մտածել։ Այսօր մենք հավաքվել ենք` մեր սերը նվիրելու Փարաջանովին, որը հաճախ սիրում էր կրկնել, թե աշխարհից վրեժխնդիր կլինի սիրով»։

Ցուցադրությունների պաշտոնական բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը։

Իրենց ելույթներում նրանք կարևորել են Սերգեյ Փարաջանով արվեստագետին և նրա ստեղծագործական ժառանգությունը։ Էռնեստո Օտտոնեն խոսել է Փարաջանովի՝ համաշխարհային ժառանգության մաս լինելու և մշակութային բազմազանության լավագույն օրինակ հանդիսանալու մասին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցադրության տաղավարում, ծանոթացել «Կինոյի տաճար» ինստալյացիային և Փարաջանովի կոլաժների և լուսանկարների ցուցադրությանը։

Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Փարիզի Պանթեոն, հանդիպում ունեցել տնօրեն Բարբարա Վոլֆերի հետ, ինչպես նաև դիտել ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս, հայ բանաստեղծ Միսաք Մանուշյանին նվիրված ցուցադրությունը։ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ մեր հայրենակցի գործունեությունն արժևորելու և բարձր գնահատականի արժանացնելու համար:

Հայկական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում