Կոտայքում տեղակայված է ԼՂ-ից բռնի տեղահանված 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզպետարանում։
Նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին հաշվառելու, կացարանով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու գործընթացի անխոչընդոտ կազմակերպմանը։
Նախարարը նկատել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կացարանով ապահովելու աշխատանքների առաջին փուլն ավարտված է և հիմա նույն ջանասիրությամբ պետք է լծվել երկրորդ փուլի աշխատանքներին` նրանց կարիքները գնահատելու և դրանք հոգալու գործին․ «Կոտայքը հսկայական բեռ է վերցրել իր վրա։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ամենամեծ թվով քաղաքացիները տեղակայվել են հենց այս մարզում։ Պետք է նշեմ, որ Կոտայքը պատվով կատարում է իր աշխատանքը, բայց առաջիկայում դեռ շատ անելիք ունենք»,- ընդգծել է նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ առաջիկա անելիքը պետք է լինի մարզում ազատ տների, բնակարանների գույքագրումը, որպեսզի հնարավոր լինի հյուրանոցներում, հյուրատներում տեղակայված քաղաքացիներին տեղափոխել հիմնական բնակության վայրեր։
Նախարարը հանձնարարել է առանձնահատուկ հոգատարություն ցուցաբերել բռնի տեղահանվածներին` հատկապես հատուկ կարիք ունեցող անձանց, երեխաներին։
Սանոսյանը Կոտայքի մարզպետի աշխատակազմին ևս հանձնարարել է բռնի տեղահանվածներին պատշաճ կերպով իրազեկել պետության կողմից տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերի մասին։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը զեկուցել է սեպտեմբերի 25-ից մարզում կատարված աշխատանքները, տեղակայվածների թիվը։
Կոտայքի մարզում այս պահին տեղակայված է 22 482 քաղաքացի, որոնցից 2576-ը՝ հյուրանոցներում։
Կոտայքի մարզում այսօր առավոտյան դպրոց է գնացել 1763 երեխա։
Խորհրդակցությունից հետո նախարարն այցելել է Ծաղկաձորում տեղակայված բռնի տեղահանվածներին, լսել նրանց կարիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Կարծիքներ