Համաշխարհային ապահովագրողները դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը
Աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները փետրվարի 12-ին հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը: Նման որոշումը պայմանավորված է մարտական գործողություններ սկսվելու բարձր ռիսկերով։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ուկրաինական SkyUp ավիափոխադրողի կայքում:
«Համապատասխանաբար, օդանավերի սեփականատերերը՝ լիզինատուները, պահանջում են օդանավերի շուտափույթ վերադարձը ԵՄ տարածք։ SkyUp PQ0902-ի Ֆունշալ-Կիև չվերթը լիզինգատուի պահանջների հետ կապված ստիպված էր վայրէջք կատարել Ուկրաինայի սահմաններից դուրս։ Մեզ հաջողվել է պայմանավորվել Քիշնևում (Մոլդովա) վայրէջք կատարելու և 175 ուղևորի Կիև տեղափոխելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունից հայտնում են, որ այժմ օդանավերի վերադարձի մասին համանման պահանջներ են ստացվում այլ լիզինգատուներից: Իրավիճակը քննարկվում է պետական մակարդակով, որպեսզի ավիաընկերությունները հնարավորություն ունենան շարունակել թռիչքներն Ուկրաինա, Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը շտապ հանդիպում է անցկացնում, որտեղ պլանավորվում է մշակել որոշումներ:
Կարծիքներ