Facebook-ն այլեւս չի հեռացնի COVID-19-ի արհեստական ծագման մասին գրառումները
Ամերիկյան Facebook ընկերությունն այլեւս չի հեռացնի այն գրառումները, որոնցում ասվում է, որ COVID-19-ն արհեստական ծագում ունի, ABC News-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
«COVID-19-ի ծագման վերաբերյալ շարունակական հետազոտությունների եւ հանրային առողջապահության մասնագետների հետ խորհրդակցությունների լույսի ներքո մենք մեր հավելվածներից այլեւս չենք հեռացնի այն պնդումները, որ COVID-19-ն արհեստականորեն է ստեղծվել»,- նշել է Facebook-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, վկայակոչելով հետախուզական տվյալները, հայտնել էր, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող վիրուսաբանության ինստիտուտի երեք գիտնական լուրջ հիվանդ են եղել 2019-ի նոյեմբերին եւ դիմել են բժշկական օգնության, ինչը «քաշ է ավելացնում» լաբորատորիաներից կորոնավիրուսի արտահոսքի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու կոչերին: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կարծիքներ